Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության (EEA) նոր ուսումնասիրության համաձայն, Եվրոպայում մարդկանց ճնշող մեծամասնությունը ենթարկվում է բիսֆենոլ A-ի (BPA) ներգործությանը, որը վտանգավոր քիմիկատ է՝ կապված քաղցկեղի զարգացման, իմունային և էնդոկրին համակարգերի խանգարումների և պտղաբերության նվազման հետ: Զեկույցը հրապարակված է EEA կայքում։

BPA-ն օգտագործվում է մի շարք ապրանքների մեջ՝ սկսած սննդի պլաստիկ տարաներից ու շշերից մինչև խմելու ջրի խողովակները:

Համաձայն EEA-ի նոր տվյալների, ԵՄ 11 երկրից հետազոտությանը մասնակցած մարդկանց մինչև 100%-ը ենթարկվել է BPA-ի ազդեցությանը՝ առողջության անվտանգ շեմը գերազանցող  մակարդակներում:

Բիսֆենոլ A-ի և երկու այլ բիսֆենոլների (բիսֆենոլներ S-ի և F-ի) պարունակությունը չափել են Խորվաթիայից, Չեխիայի Հանրապետությունից, Դանիայից, Ֆրանսիայից, Ֆինլանդիայից, Գերմանիայից, Իսլանդիայից, Լյուքսեմբուրգից, Լեհաստանից, Պորտուգալիայից և Շվեյցարիայից 2756 չափահասների մեզի մեջ: Երկրներն ընտրվել էին այնպես, որպեսզի ներկայացնեին  ԵՄ բոլոր տարածաշրջանները:

BPA-ի բիոմոնիտորինգին մասնակցող երկրներում գերազանցող  մակարդակները տատանվել են 71%-ից մինչև 100%-ը, միջին ցուցանիշը կազմել է  92%:

Այսպիսով, Եվրոպայի բնակչության վրա  BPA-ի ազդեցությունը  չափազանց բարձր է և պոտենցիալ վտանգ է ներկայացնում բնակչության առողջության համար, նշել է EEA-ն: