Սինգապուրի Յեն Լու Լինայի Բժշկական դպրոցի գիտնականները պարզել են որոշակի միկրոօրգանիզմների պատճառով առաջացող աղիների բորբոքման մեխանիզմները։ Նրանց աշխատանքի արդյունքները հրապարակվել են The EMBO Journal-ում։ Հետազոտության առարկա են դարձել պրոտիստները՝ պարզագույն էուկարիոտիկ օրգանիզմների խումբ, որը բաղկացած է մեկ բջջից։ Հեղինակները կենտրոնացել են Blastocystis ST7-ի մեկ ենթատեսակի վրա։ Ենթատիպից կախված՝ Blastocystis-ները կարող են ձեւավորել աղիների առողջ միկրոֆլորա կամ առաջացնել տարբեր հիվանդություններ։ Blastocystis ST7-ը համարվում է բավական հազվադեպ ենթատեսակ, որն ավելի հաճախ հայտնաբերվում է Ասիայում, քան Արեւմուտքում, եւ ասոցիացվում է լուծի հետ։ Այժմ մասնագետները որոշել են բացատրել, թե ինչպես է Blastocystis ST7-ը աղիների հիվանդություններ առաջացնում մոլեկուլյար մակարդակում։ Պարզվել է, որ մետաբոլիկ ռեակցիաների ժամանակ պրոտիստը սինթեզում է ինդոլ-3-ացետիլդեհիդ (I3AA)։ Այս նյութը կապվում է աղիների իմունային բջիջների հետ՝ իջեցնելով բակտերիաների հանդեպ օրգանի կայունությունը, ինչպես նաեւ առաջ բերելով իմունային համակարգի սրացում անգամ «օգտակար» աղիքային բակտերիաների առկայության դեպքում։ I3AA-ն նաեւ նպաստում է բորբոքման առաջացմանը՝ թուլացնելով կարգավորող Т-բջիջների պաշտպանական հատկությունները, միաժամանակ խթանելով բորբոքումը՝ իմունային բջիջների այլ դասի օգնությամբ։ Բացի այդ, թիմը կարողացել է նույնականացնել այն բակտերիաները, որոնք չեզոքացնում են I3AA-ի էֆեկտը։ Այդպիսին կարող են լինել լակտոբացիլների պրոբիոտիկները, որոնք պարունակվում են յոգուրտի, կաթնաշոռի եւ թթխմորով հացի մեջ։ Այսպիսով, Blastocystis ST7-ի առաջացրած հիվանդությունների բուժման պոտենցիալ միջոց կարող է լինել սննդաբաժնում այն մթերքների ներառումը, որոնք լակտոբացիլներ են պարունակում։