Պարզվել են այնպիսի հիվանդություններից մահացության ամենաբարձր մակարդակ ունեցող երկրները, ինչպիսին են քաղցկեղը եւ սրտի հիվանդությունները, տեղեկացրել է Daily Mail-ը։

Հետազոտողներն ուսումնասիրել են ոչ վարակիչ վեց հիվանդություններից մահացության մակարդակի մասին տվյալները 38 երկրներում, որոնք հիմնականում բարձր եկամուտ ունեն։

Դիտարկվել են այնպիսի հիվանդություններ, ինչպիսին են քաղցկեղը, սրտի, լյարդի եւ երիկամների  հիվանդությունները։ Թիմը յուրաքանչյուր երկիր գնահատել է մահացության 10 բալանոց սանդղակով՝ յուրաքանչյուր հիվանդության հետ կապված եւ ընդհանուր առմամբ։

Մահացության ամենաբարձր ցուցանիշ ունեցել է Թուրքիան, իններորդ տեղում ԱՄՆ-ն է, որը առաջ է անցել Միացյալ Թագավորությունից եւ այնպիսի, թվում է, թե քիչ զարգացած երկրներից, ինչպիսին են Կոլումբիան եւ Կոստա Ռիկան։ Մեծ Բրիտանիան զբաղեցրել է 24-րդ տեղը, Ավստրալիան 37-րդն է։

Ուսումնասիրությունում ներառված բոլոր երկրները Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության անդամներ են, որը հիմնադրվել է 1961թ. (37 անդամ)։

Թուրքիայի բարձր ցուցանիշը (8,34 10-ից) պայմանավորված է երիկամների հիվանդություններից, կաթվածներից եւ թոքերի հիվանդություններից մահացության բարձր մակարդակով։

Հնգյակը եզրափակում են Հունգարիան (8,29), Սլովակիան (7,57), Մեքսիկան (7,39) եւ Լեհաստանը (7,25)։

ԱՄՆ-ի իններորդ տեղում գտնվելը հետազոտողները բացատրել են այն փաստով, որ այն զբաղեցնում է երրորդ տեղը թոքերի հիվանդություններից եւ վեցերորդ տեղը երիկամների հիվանդություններից մահացության մակարդակով։

Հետազոտությունն անցկացրել են William Russell ընկերության փորձագետները, որոնք օգտագործել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ Համաշխարհային բանկի ամենավերջին տվյալները։