Օրեգոնի նահանգի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ օմեգա-3 ճարպաթթուները կարող են լյարդը պաշտպանել վտանգավոր հիվանդությունից՝ ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտից։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են EMBO Molecular Medicine-ում։
Ոչ ալկոհոլային տեատոհեպատիտը լյարդի քրոնիկական հիվանդություն է, որը համադրվում է մետաբոլիկ ախտանիշի հետ (ճարպակալում, շաքարային դիաբետ), որը կարող է առաջ բերել ցիրոզ։ Մետաբոլիկ ախտանիշն առաջ է գալիս այն ժամանակ, երբ ճարպը լյարդում դառնում է թունավոր օրգանի բջիջների համար՝ առաջ բերելով բորբոքում։
Պարզելու համար, թե արդյոք կապ կա օմեգա-3-ի օգտագործման եւ ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտի առաջացման հավանականության միջեւ, գիտնականները փորձ են կատարել լաբորատոր մկների վրա։ Պարզվել է, որ օմեգա-3-ը կրծողների արյան մեջ իջեցնում է բետա-ցելյուլինի (սպիտակուց, որը նպաստում է լյարդի ֆիբրոզին՝ ցիրոզի եւ քաղցկեղի զարգացմանը) մակարդակը։
Գիտնականները նշել են, որ օմեգա-3 ճարպաթթուները չեն սինթեզվում օրգանիզմում։ Դրանք պարունակվում են ձկան (սաղմոնի եւ մակրելի) յուղի, ինչպես նաեւ որոշ ընկույզների, սերմերի եւ բուսայուղերի մեջ։ Հետազոտողները հուսով են, որ օմեգա-3-ի եւ բետա-ցելյուլինի միջեւ կապի ուսումնասիրումը թույլ կտա ստեղծել մեթոդներ, որոնց օգնությամբ կարելի կլինի արդյունավետ բուժել մետաբոլիկ ախտանիշը եւ լյարդի քաղցկեղը։






