Կաստիլիա-Լա Մանչայի համալսարանի (UCLM) գիտնականները պարզել են, որ գինու չափավոր օգտագործումը կարող է նվազեցնել քաղցկեղի որոշ տեսակների, այդ թվում՝ մաշկի, ստամոքսի և գլխուղեղի ուռուցքների զարգացման ռիսկը: Հետազոտությունը հրապարակվել է Frontiers in Nutrition ամսագրում:
Հետազոտողները ընտրել են 73 բարձրորակ հետազոտություններ Cochrane, Scopus, Web of Science և MEDLINE (PubMed) տվյալների բազաներից: Վերլուծության մեջ ընդգրկվել են միայն գինու օգտագործման և վերին ստամոքս-աղիքային տրակտի, երիկամների, հաստ աղիքի և ուղիղ աղիքի, մաշկի, ենթաստամոքսային գեղձի, գլխուղեղի, թոքերի և գինեկոլոգիական հյուսվածքների քաղցկեղի միջև կապը գնահատող հետազոտությունները: Ներառված հոդվածների հրապարակման ժամկետը տատանվել է 1986-ից մինչև 2021 թվականները, իսկ ուսումնասիրություններին մասնակցել է 18-ից 103 տարեկան 4,346,504 մարդ Ավստրալիայից, Արևմտյան Եվրոպայից և Հյուսիսային ու Հարավային Ամերիկայից:
Վերլուծությունը կապ չի գտել գինու օգտագործման և քաղցկեղի առաջացման ռիսկի միջև: Հակառակը, գինին պաշտպանիչ միտումներ է դրսևորել հատկապես գլխուղեղում, թոքերում, մաշկում և ենթաստամոքսային գեղձում ուռուցքի զարգացման ռիսկի վրա: Դա կարող է պայմանավորված լինել գինու բաղադրիչներով, ինչպիսիք են ֆիտոէստրոգենները և հակաօքսիդանտները, որոնք նվազեցնում են բորբոքումն ու պաշտպանում բջիջները թթվածնի ռեակտիվ տեսակների վնասից: Բացի այդ, ըմպելիքը, բարձրացնելով ստամոքսի թթվայնությունը, կարող է ճնշել այնպիսի միկրոօրգանիզմների զարգացումը, ինչպիսին է Helicobacter pylori-ն. այս բակտերիան ստամոքսի քաղցկեղի հիմնական ռիսկային գործոնն է:
Ընտրված հրապարակումներում փաստագրված չի եղել գինու օգտագործման քանակը: Ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ՝ որոշելու խմիչքի իրական ազդեցությունը քաղցկեղի ռիսկի վրա՝ հաշվի առնելով մարդկանց օգտագործած գինու քանակը, սննդակարգը, ապրելակերպը և սոցիալ-տնտեսական վիճակը:






