Կալորիաների ընդունումը նույնիսկ 12%-ով սահմանափակելը կարող է բարելավել առողջ ծերացման ձեր հնարավորությունները՝ բորբոքումը նվազեցնելու հաշվին: Այս մասին ասվում է Ծերացման ազգային ինստիտուտի (NIA) գիտնականների ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է Aging Cell ամսագրում:

Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ կենդանիների մոտ կալորիաների սահմանափակումը՝ առանց օրգանիզմը զրկելու էական վիտամիններից և հանքանյութերից, դանդաղեցնում է տարիքային հիվանդությունների զարգացումը, երկարացնում է կյանքը, բարելավում է դրա որակը և սթրեսին դիմադրողականությունը: Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ այս ազդեցությունը տարածվում է նաև մարդկանց վրա:

Գիտնականները վերլուծել են CALERIE ուսումնասիրության հիվանդների տվյալները: Այն ներառում էր առողջ երիտասարդ և միջին տարիքի ամերիկացիներ՝ առանց գիրության: Նրանց խնդրել են երկու տարվա ընթացքում նվազեցնել օրական կալորիների ընդունումը 25%-ով: Սակայն 12%-ով կրճատումն առավելագույնն էր, որին հնարավոր էր եղել հասնել։ 

Հետազոտողները պարզել են, որ կալորիաների այս փոքր սահմանափակումը մարդկանց վրա նույն ազդեցությունն է թողել, ինչ կենդանիների վրա: Օրինակ՝ այն ակտիվացրել է էներգիայի արտադրության և նյութափոխանակության համար պատասխանատու գեները՝ միաժամանակ ճնշելով պրոբորբոքային գեները։ Փոխվել է նաև ցիրկադային ռիթմերի կարգավորումը և վնասված ԴՆԹ-ի հատվածների վերականգնումը։

Քանի որ բորբոքումն ու ծերացումը սերտորեն փոխկապակցված են, կալորիաների սահմանափակումը հզոր մոտեցում է կանխելու բորբոքային վիճակը, որը զարգանում է շատ տարեց մարդկանց մոտ: Կալորիաների ընդունման 12%-ով կրճատումը հնարավոր է և կարող է շատ օգտակար լինել, եզրակացրել են հեղինակները:

Բացի այդ, սկզբնական Phase 2 CALERIE հետազոտության հեղինակները, որի արդյունքները հրապարակվել են Nature Aging ամսագրում, ցույց են տվել, որ կալորիաների սահմանափակումը դանդաղեցնում է ծերացման տեմպերը 2-3%-ով։ Բացի այդ, փորձի մասնակիցները կորցրել են իրենց մարմնի քաշի միջինը 10%-ը և հաջորդ երկու տարվա ընթացքում գրեթե քաշ չեն ավելացրել։