Կարոլինայի ինստիտուտի գիտնականները պարզել են, որ նյութափոխանակության արագությունը միտոխոնդրիաներում կարող է մատնանշել Ալցհեյմերի հիվանդության առաջացման մասին։ Արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։

Ալցհեյմերի հիվանդությունը դեմենցիայի առավել տարածված ձեւն է։ Հիվանդությունը բնութագրվում է  մտավոր ունակությունների, մտածողության, արձագանքելու արագության, տարածության մեջ կողմնորոշվելու հմտութունների նվազմամբ։

Հետազոտողները պարզել են, որ Ալցհեյմերի հիվանդության վաղ ախտանշաններից կարող է լինել միտոխոնդրիաներում մետաբոլիզմի արագացումը։ Միտոխոնդրիաները օրգանոիդներ են, որոնք մասնակցում են բջիջների շնչառությանը եւ ապահովում են բջիջն էներգիայով։ Պարզվել է, որ մկների միտոխոնդրիաներում նյութափոխանակության արագության բարձրացմանը հաջորդել են փոփոխություններ, որոնք բնութագրվել են սինապսների (երկու նեյրոնների կամ նեյրոնի եւ ազդանշան ստացող բջջի միջեւ շփման տեղերի) դեգրադացիայով։ Հետազոտողները ենթադրում են, որ այդ բիոմարկերը կարող է ազդարարել նաեւ մարդկանց մոտ Ալցհեյմերի հիվանդության առաջացման մասին։

Գիտնականները նշել են, որ Ալցհեյմերի հիվանդությունը կարող է զարգանալ ախտանշանների հայտնվելուց 20 տարի հետո։ Նրանք հուսով են, որ միտոխոնդրիաներում մետաբոլիկ փոփոխություններին հետեւելը տարածում կստանա որպես այդ հիվանդության վաղ ախտորոշման մեթոդ։ Դա թույլ կտա պացիենտներին ժամանակին սկսել բուժումը։