Քաղցկեղի բուժման ամենամեծ խնդիրներից մեկը օգտագործվող դեղամիջոցների բարձր թունավորությունն է. դրանք ոչնչացնում են ոչ միայն քաղցկեղային բջիջները, այլև՝ առողջները: Սակայն, այսօր մշակվում են դեղամիջոցներ, որոնք կարող են թիրախավորել հենց քաղցկեղի բջիջները՝ առողջներն անվնաս թողնելով: Նման դեղամիջոցների հիմքում նանոտեխնոլոգիան է, ինչպես NEWS.am Medicine-ին ասաց նման զարգացումների վրա աշխատող գիտնական Պրաշանթ Քեշարվանին։

«Մենք մշակում ենք դեղամիջոցներ, որոնք ավելի անվտանգ են հիվանդների համար, ունեն նվազագույն թունավորություն և առավելագույն թերապևտիկ ազդեցություն»,- նշեց նա։

Իսկ ինչպե՞ս է դա աշխատում

Խոսքը նանոմասնիկների վրա հիմնված դեղամիջոցների մասին է, որոնք ստեղծվել են այնպես, որ հպացիենտի օրգանիզմ մտնելուց հետո հասնում են հիվանդ բջիջներին և կարող են կապվել միայն դրանց հետ։ Օրինակ, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքում քաղցկեղի բջիջներում գերէքսպրեսիվ է CD44 ընկալիչը, որը կարող է կապվել հիալուրոնաթթվի մոլեկուլների հետ։ Գիտնականների կողմից հիալուրոնաթթվի հիման վրա ստեղծված նանոմասնիկները, որոնք նույնպես պարունակում են ցանկալի դեղամիջոցը, մարմնում հայտնվելուց հետո միանում են CD44 ընկալիչներին և, հետևաբար, մտնում են միայն քաղցկեղի բջիջներ, մինչդեռ բոլոր առողջները շրջանցվում են: Դեղն, արդյունքում, ազդում է միայն հիվանդ բջիջների վրա: Այս մոտեցումը կոչվում է դեղերի նպատակային առաքում:

«Այս մեխանիզմը նման է «մեկ բանալի-մեկ կողպեք» հասկացությանը. կողպեքը կարելի է բացել միայն մեկ բանալիով և ոչ մի այլ բանալիով, և այս բանալին կարող է բացել միայն այս կողպեքը, այն չի համապատասխանում մյուսներին: Այս դեղերը գործում են ճիշտ նույն կերպ՝ միանում են միայն բջիջներին, որոնք ունեն որոշակի ընկալիչներ, և չեն դիպչում այլ բջիջներին»,- բացատրել է գիտնականը։

Ե՞րբ իրականություն կդառնան այս զարգացումները 

Նանոմասնիկների վրա հիմնված դեղամիջոցներն այսօր արդեն իրականություն են։ Ինչպես նշեց մասնագետը, շուկայում արդեն կա կրծքագեղձի քաղցկեղի բուժման դեղամիջոց՝ Abraxane-ը, որը հիմնված է նանոտեխնոլոգիայի վրա՝ նկարագրված գործողության մեխանիզմով:

Ապագայում ակնկալվում է, որ շատ ավելի շատ նման դեղամիջոցներ կլինեն: Այս պահին որոշներն անցնում են կամ արդեն անցել են կլինիկական փորձարկումներ, և փորձագետն ակնկալում է, որ մեկ-երկու տարի հետո շուկայում կլինեն ավելի շատ նանոտեխնոլոգիաների վրա հիմնված քաղցկեղի բուժման միջոցներ:

Նշենք, որ Պրաշանթ Քեշարվանին նոյեմբերի 8-10-ը Երեւանում տեղի ունեցող USERN միջազգային կոնգրեսի բանախոսներից է։ Կոնգրեսը հայտնի է նրանով, որ միավորում է գիտությունն ու արվեստը, որը թույլ է տալիս արվեստի օգնությամբ գիտությունը «թարգմանել» մի «լեզվի», որն ավելի հասկանալի է ընդհանուր բնակչության համար: