Նոր հետազոտության համաձայն, որն իրականացրել են Ավստրալիայի ազգային համալսարանի (ANU) փորձագետները, արհեստական բանականության (ԱԲ) գեներացրած եվրոպոիդների ռասայի ներկայացուցիչների դեմքերը մարդկայինից ավելի իրական են թվում։

Հետազոտությունում, որը հրապարակվել է Psychological Science ամսագրում, ավելի շատ մարդիկ են արհեստական բանականության գեներացրած սպիտակ դեմքերը մարդկային համարում, քան իրական մարդկանց դեմքերը։ Սակայն չի կարելի նույնն ասել այլ ռասաների ներկայացուցիչների պատկերների մասին։

Դոկտոր Էմի Դոուելի (հոդվածի ավագ հեղինակ) խոսքով՝ պատճառն այն է, որ արհեստական բանականության ալգորիթմերը անհամաչափ լավ են ուսուցանվում սպիտակ դեմքերի պարագայում։

«Եթե ԱԲ սպիտակ դեմքերը մշտապես ընկալվեն որպես ավելի իրատեսական, այդ տեխնոլոգիան կարող է լուրջ հետեւանքներ ունենալ գունավոր մարդկանց համար՝ ուժեղացնելով ռասայական նախատրամադրվածություններն ինտերնետում»,- ասել է դոկտոր Դոուելը։

Հետազոտողները հայտնաբերել են, որ արհեստական բանականության «հիպերռեալիզմի» խնդիրներից մեկն այն է, որ մարդիկ հաճախ չեն գիտակցում, որ իրենց հիմարացնում են։

Հետազոտողները նաեւ կարողացել են պարզել, թե ինչու են արհեստական բանականության սպիտակ դեմքերը հիմարացնում մարդկանց։

«Պարզվում է՝ արհեստական բանականության եւ մարդկային դեմքերի միջեւ դեռեւս գոյություն ունեն ֆիզիկական տարբերություններ, բայց մարդիկ հակված են ճիշտ չմեկնաբանելու դրանք։ Օրինակ, արհեստական բանականության սպիտակ դեմքերը, որպես կանոն, ավելի համամասնական են, եւ մարդիկ սխալմամբ դա ընկալում են որպես մարդկային հատկանիշ»,- ասել է դոկտոր Դոուելը։

Հետազոտողները հավաստիացնում են, որ այս միտումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ ապատեղեկատվության տարածման եւ անձը կողոպտելու հարցում։