Բոստոնի համալսարանին կից հանրային առողջապահության դպրոցի գիտնականները պարզել են, որ ալկոհոլն արագացնում է օրգանիզմի կենսաբանական ծերացումը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Aging-ում։

Հետազոտությանը մասնակցել է 3 823 մարդ։  Գիտնականները տեղեկություն են հավաքել մասնակիցների առողջական վիճակի մասին, ինչպես նաեւ գնահատել են էթիլային սպիրտի (ալկոհոլի) ազդեցությունը նրանց ԴՆԹ-ի մեթիլացման վրա։ Դա ԴՆԹ մոլեկուլի այն մոդիֆիկացիան է, որի դեպքում ձեւափոխվում է կոդավորվող սպիտակուցի կառուցվածքը, բայց որոշակի գեների ակտիվությունը կարող է փոխվել։ ԴՆԹ-ի մեթիլացման հիման վրա կարելի է գնահատել կենսաբանական ծերացման տեմպերը։

Պարզվել է, որ երկարատեւ ժամանակաընթացքում ալկոհոլի չափից ավելի մեծ քանակության օգտագործումը մեծահասակ եւ տարեց մարդկանց կողմից կապված է եղել ծերացման բիոմարկերների՝ GAA-ի եւ PAA-ի հետ։ GrimAge acceleration-ը (GAA) էպիգենետիկ մարկեր է, որն արտացոլում է օրգանիզմի ֆիզիոլոգիական ծերացման տեմպերը աթերոսկլեորտիկ եւ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հետեւանքով։ PhenoAge acceleration-ը (PAA) այն ցուցանիշների ամբողջությունն է, որոնք վկայում են օրգանների եւ մարդկային մարմնի համակարգերի ժամանակից շուտ հյուծվելու մասին ԴՆԹ-ի մեթիլացման պատճառով։

Պարզվել է, որ ալկոհոլը իսկապես կարող է ավելացնել կենսաբանական տարիքը։ Գիտնականները պարզել են, որ օրական 14 գրամ էթանոլի օգտագործումը (մոտավորապես այդքան է պարունակվում գինու ոչ մեծ գավաթի կամ մեկ շիշ գարեջրի մեջ) РAA-ն արագացնում է 0,15 տարով։ Բացի այդ, այնպիսի ըմպելիքը, ինչպիսին լիկյոն է, ստիպում է օրգանիզմին ավելի արագ ծերանալ GAA առումով։