COVID-19-ի ախտանիշների սրությունը որոշվում է մի խումբ գեների ակտիվությամբ, որոնք կոչվում են մարդկային լեյկոցիտային անտիգեններ (HLA), պարզել են Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։
HLA գեները ծածկագրում են սպիտակուցները, որոնք իմունային համակարգն օգտագործում է առողջ բջիջները նույնականացնելու և դրանք բակտերիաներով կամ վիրուսներով վարակված բջիջներից տարբերելու համար: Այս սպիտակուցները չափազանց կարևոր են մարմնի իմունային պատասխանի համար: Վերլուծելով HLA-ի դերը տարբեր վարակների դեմ պայքարում՝ հետազոտողները հետաքրքրվել են, թե արդյոք գոյություն ունեն այս գեների հատուկ տարբերակներ՝ կապված SARS-CoV-2 վիրուսի նկատմամբ ուժեղացված իմունային պատասխանի հետ:
Հետազոտությանը մասնակցել է COVID-19-ով տառապող 1428 մարդ: Բոլոր մասնակիցները ենթարկվել են ԴՆԹ-ի հաջորդականացման. սա գենետիկ կոդի լայնածավալ ընթերցում է՝ դրանում մուտացիաները հայտնաբերելու համար: Պարզվել է, որ HLA-ի հատուկ տարբերակի՝ HLA-B*15:01 կրողները հաճախ COVID-19-ը հեշտ կամ առանց ախտանիշների են տարել։ Հետազոտողները նշել են, որ այս մուտացիան տեղի է ունենում բնակչության մոտավորապես 10%-ի մոտ:
Գիտնականները ենթադրել են, որ LA-B*15:01 ունեցող մարդկանց իմունային համակարգը կարողանում է արագ ճնշել վիրուսները։ Բացի այդ, նման մարդկանց օրգանիզմն ավելի լավ իմունոլոգիական հիշողություն ունի՝ իմունային համակարգի կարողությունն արագ և նպատակաուղղված ճանաչելու հակագենը, որին օրգանիզմը նախկինում հանդիպել է: Հետազոտության հեղինակները հույս ունեն, որ SARS-CoV-2-ից պաշտպանության գենետիկ մեխանիզմների ուսումնասիրությունը կհանգեցնի ավելի արդյունավետ պատվաստանյութերի ստեղծմանը և բուժման նոր ռեժիմների մշակմանը։






