Ուղեղում սերոտոնինի մակարդակի նվազումը կարող է նպաստել կոգնիտիվ ֆունկցիաների վատթարացմանը Ալցհեյմերի հիվանդության վաղ փուլերում, պարզել են Ջոնս Հոփկինսի համալսարանի գիտնականները, գրել է Journal of Alzheimer's Disease-ը (JAD)։

Հեղինակները համեմատել են ուղեղի ՄՌՏ- եւ պոզիտրոնային-էմիսիոն տոմոգրաֆիայի սքանները 55 եւ ավելի բարձր տարիքի 49 պացիենտների, որոնք ունեցել են հիշողության կամ մտածողության թեթեւակի խախտումներ, եւ 45 առողջ մարդկանց համար։ Հիշողության թեթեւակի խախտումները հաճախ նախորդում են Ալցհեյմերի հիվանդության առաջացմանը եւ ներառում են այն երեւույթը, երբ մարդիկ հաճախ մոռանում են վերջին իրադարձությունները, դժվարությամբ են ընտրում բառերը եւ կորցնում են հոտառությունը։ Մարդիկ կարող են այդ փուլում մնալ երկար ժամանակ։

Հետազոտությունը ցույց է տվել, որ հիշողության կորուստ ունեցող մարդկանց ուղեղում սերոտոնին փոխանցիչ սպիտակուցների մակարդակը 25 տոկոսով ավելի ցածր է եղել։ Դա հատկապես նկատելի է եղել ուղեղի այն հատվածներում, որոնք պատասխանատու են ֆունկցիայի կատարման, հույզերի եւ հիշողության համար։ Նրանց ուղեղում ավելի շատ է եղել նաեւ բետա-ամիլոիդային սպիտակուցը, որը նախորդ հետազոտությունները կապում են դեմենցիայի ախտանշանների հետ։

Սերոտոնինը քիմիական նյութ է ուղեղում, որը մասնակցում է տրամադրության, ախորժակի եւ քնի կարգավորմանը։ Սերոտոնինի փոխանցիչ սպիտակուցների վրա ազդեցությունը հակադեպրեսանտների օգնությամբ կարող է բարելավել վաղ դեմենցիա ունեցող մարդկանց ախտանշանները, կարծում են գիտնականները։ Նրանք, սակայն, նշում են, որ իրենց հետազոտությունը ցույց է տվել հարաբերակցություն սերոտոնինի ավելի ցածր մակարդակների եւ հիշողության խնդիրների միջեւ, բայց չի ապացուցում պատճառահետեւանքային կապը։