Լինում են դեպքեր, երբ մարդը սկսում է պարզապես հանգել մեր աչքերի առջեւ, ընդ որում՝ նրա մոտ լուրջ հիվանդություններ չեն հայտնաբերվում։ Վիճակի վատթարացման պատճառները չեն կարողանում հասկանալ ոչ հարազատները, ոչ ինքը՝ պացիենտը։ Նման իրավիճակում որպես ելք չի բացառվում նաեւ հանկարծակի մահը։ Ի՞նչ է թաքնված դրա հետեւում։ Այդ մասին պատմել է սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Աննա Կորենեւիչը։

«Իրականում միշտ նախարդյալներ կան։ Պատճառը սթրեսի բարձր մակարդակն է։ Դուք չեք կարող իմանալ, թե ինչ է տեղի ունենում այս կամ այն մարդու հոգում։ Սթրեսը ցուցադրելն ընդունված չէ։ Հաճախ մարդն ինքն էլ չի նկատում, որ այդ վիճակի մեջ է։ Ավելին, եթե նա գտնվում է սթրեսի մեջ երկար ժամանակ, ապա նա վարժվում է դրան»,- բացատրել է Աննա Կորենեւիչը, տեղեկացրել է «Միր» հեռուստաալիքը։

Սթրեսի մակարդակը, նրա խոսքով, բարձրանում է աստիճանաբար, եւ մարդն այդ վիճակին վարժվում է։ Բայց ինչ-որ պահի օրգանիզմը չի դիմանում, եւ վրա է հասնում սիրտ-անոթային աղետը։ Դա հնարավոր է անգամ երիտասարդ տարիքում, նշել է մասնագետը։

Կորենեւիչն ընդգծել է, որ մարդը կարող է հետեւել սննդին, բացառել շաքարը եւ վնասակար ճարպերը։ Բայց դա չի օգնում, քանի որ սթրեսի հետ արյան մեջ բարձրանում է կորտիզոլի մակարդակը։

«Այն առաջացնում է վատ խոլեստերին, բարձրացնում է շաքարի մակարդակն արյան մեջ, խտացնում արյունը։ Արդյունքում՝ առաջանում է թրոմբոզի հակվածություն։ Կորտիզոլը առաջ է բերում սպազմ եւ անոթների փխրունություն, ինչը հանգեցնում է հիպերտոնիայի»,- ասել է սրտաբանը։

Նրա խոսքով՝ այս ամենից խուսափելու համար անհրաժեշտ է որոշել սթրեսի մակարդակը օրգանիզմում եւ աշխատել դրա հետ։ Հոգեթերապիայի ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս բավական արագ լուծել այդ խնդիրը։

Կորենեւիչը ավելացրել է, որ սնունդը անդրադառնում է սրտի եւ անոթների աշխատանքի վրա։ Նա խորհուրդ է տվել խուսափել ոչ թե յուղոտ մսից կամ սալից, այլ բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող ուտելիքից։

«Աթերոսկլերոզը ուղիղ կապված է ոչ թե ճարպերի, այլ ածխաջրերի օգտագործման հետ։ Յուրաքանչյուր կոնֆետ վնասակար է օրգանիզմի համար։ Եվ բանն այստեղ միայն ավելորդ քաշը չէ, այլ նաեւ աթերոսկլերոզը եւ անոթների խնդիրը»,- նշել է սրտաբանը։