ԱՄՆ-ի Թուլեյնի համալսարանի գիտնականները պարզել են, որ սննդին աղ ավելացնելը կապված է երիկամների քրոնիկ հիվանդության զարգացման ռիսկի հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA-ում (The Journal of the American Medical Association):
Հետազոտության ընթացքում օգտագործվել են 465288 մարդկանց տվյալները, որոնք վերցվել են Մեծ Բրիտանիայի Biobank-ից՝ կենսաբանական նմուշների ամենամեծ պահեստից: Գիտնականները հավաքել են հետազոտվողների առողջության վերաբերյալ տվյալներ և խնդրել նրանց հայտնել, թե որքան հաճախ են աղ ավելացնում պատրաստի կերակուրներին:
Մասնակիցները, որոնք հաճախ աղ էին ավելացնում իրենց կերակուրներին, ավելի հավանական է, որ ունենային մարմնի զանգվածի ավելի բարձր ինդեքս և նվազեցված գլոմերուլային ֆիլտրման արագություն: Այս պարամետրը թույլ է տալիս գնահատել երիկամների արյունը զտելու և մաքրելու ունակությունը: Գլոմերուլային ֆիլտրացիայի արագությունը գնահատելուն ուղղված թեստերը հնարավորություն են տալիս ախտորոշել միզուղիների համակարգի հիվանդությունները և գնահատել երիկամային անբավարարության զարգացման ռիսկը: Նշվում է նաև, որ սննդին աղ ավելացնելու սովորություն ունեցող մարդիկ ավելի հաճախ են ծխող, շաքարային դիաբետով և սրտանոթային հիվանդություններով տառապող մարդիկ։
Պարզվել է, որ այն մասնակիցների մոտ, որոնք պարբերաբար աղ են ավելացրել պատրաստի կերակուրներին, 11%-ով ավելի բարձր է եղել երիկամների քրոնիկ հիվանդության զարգացման ռիսկը, քան մյուսների մոտ: Երիկամների քրոնիկ հիվանդությունը վերաբերում է պաթոլոգիական պրոցեսների առաջացմանը, որոնք հանգեցնում են երիկամների աշխատանքի անդառնալի խանգարումների և նրանց անկարողությանը՝ կատարել արյունը մաքրելու և ավելորդ ջուրը հեռացնելու գործառույթները:






