Ավելորդ կիլոգրամներ ձեռք բերած դեռահասները  երիտասարդ տարիքում երիկամային հիվանդութան զարգացման զգալի վտանգի տակ են, ասվում է նոր ուսումնասիրության մեջ։

Ըստ JAMA Pediatrics ամսագրում հրապարակված տվյալների, ճարպակալումը երիկամների հիվանդության զարգացման հավանականությունը տղաների մոտ մեծացնում է ինը անգամ, իսկ  աղջիկների մոտ՝ չորս անգամ:

Գիտնականները պարզել են, որ նույնիսկ մի քանի ավելորդ կիլոգրամը մեծացնում է դեռահասների մոտ երիկամների հիվանդության հավանականությունը:

«Այս կապը նկատվել է նույնիսկ պատանեկության շրջանում նորմալ մարմնի զանգվածի ինդեքս ունեցող մարդկանց մոտ, ավելի արտահայտված է եղել տղամարդկանց մոտ և առաջացել է մինչև 30 տարեկանը», - նշում են հետազոտության հեղինակները:

Նախորդ հետազոտությունները մարմնի զանգվածի բարձր ինդեքսը կապում էին երիկամների հիվանդության հետ տարեցների մոտ, սակայն մանկական ճարպակալության հնարավոր ազդեցությունը երիկամների առողջության վրա քիչ է ուսումնասիրվել, ասում են գիտնականները:

Հետազոտությանը մասնակցել է 1974 թվականից հետո ծնված 16-ից 20 տարեկան ավելի քան 593․000 իսրայելցի դեռահաս, որոնք բոլորն էլ բժշկական հետազոտության են ենթարկվել պարտադիր զինվորական ծառայության համար:

13 տարվա ուսումնասիրությունից հետո գիտնականները պարզել են, որ մոտ 2000 մասնակցի մոտ  վաղաժամ երիկամային քրոնիկ հիվանդություն է զարգացել:

Հետազոտությունների համաձայն, դեռահասների մոտ երիկամների հիվանդության վտանգը ավելացել է ավելորդ քաշին համընթաց: