Հիդրոքսիքլորոխին հակադողէրոցքային դեղամիջոցը COVID-19-ի առաջին ալիքի ժամանակ կարող էր դառնալ մոտ 17 000 մահվան դեպքերի պատճառ վեց երկրներում, տեղեկացրել է Euronews-ը։
Այդ ակտիվ նյութը համավարակի ժամանակ ներկայացվել է որպես հրաշագործ միջոց մասնագետների մի մասի (թեեւ ոչ մեծաթիվ) կողմից, որոնց մեջ էր ֆրանսիացի հայտնի միկրոկենսաբան Դիդիե Ռաուլը։
Գիտնականը հավատում էր, որ դեղամիջոցը COVID-19-ի համադարմանն է, եւ այդ հավատը շուտով աջակցություն գտավ որոշ քաղաքական գործիչների կողմից։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, մասնավորապես, այցելել է կենտրոն, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2020թ. խորհուրդ է տվել օգտագործել դեղամիջոցը՝ հայտարարելով, որ ինքն արդեն օգտագործել է այն։
Դեղամիջոցի օգտագործումը վեճեր է առաջացրել, քանի որ շատ մասնագետներ նշել են գիտական ապացույցների բացակայության մասին քովիդի դեմ պայքարում նրա արդյունավետության հարցում։
ԱՄՆ Սննդամթերքների եւ դեղամիջոցների սանիտարական վերահսկման վարչությունը (FDA) թույլ է տվել օգտագործել հիդրոքսիքլորոխինը (HCQ) 2020թ. մարտին, բայց հունիսին հետ է կանչել այն։
Մասնավորապես, պարզվել է, որ դեղամիջոցը լուրջ կողմնակի ազդեցություններ է ունենում, ինչպիսին են սրտի ռիթմի խանգարումները։
Մոտ 17 000 մահ հիդրոքսիքլորոխինի պատճառով
Նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Biomedicine & Pharmacotherapy ամսագրում, այժմ գնահատում է ոչ ըստ նշանակման դեղամիջոցի օգտագործման հետեւանքները։
Լիոնի (Ֆրանսիա) հիվանդանոցային համակարգի թերապիայի պրոֆեսոր Ժան-Քրիստոֆ Լեգայի ղեկավարած հետազոտողներն ուսումնասիրել են 2020թ. մարտից մինչեւ 2020թ. հուլիս Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Բելգիայում, Իտալիայում, Իսպանիայում եւ Թուրքիայում կատարված հետազոտությունների արդյունքները։
«HCQ-ի օգտագործումը կապված էր մահվան դեպքերի 11 տոկոս ավելացման հետ ռանդոմիզացված հետազոտությունների մետա-ուսումնասիրությունում»,- նշվել է հետազոտությունում՝ հղում կատարելով 2021թ. Nature ամսագրում հրապարակված մետա-ուսումնասիրությանը, որը հետազոտողներն օգտագործել են դեղի առաջացրած մահերի թիվը հաշվելու համար։
Ըստ գնահատականների՝ եվրոպական երկրներում «ավելորդ» մահերի թիվը կազմել է՝ մոտ 240 Բելգիայում, 199 Ֆրանսիայում, 1 822 Իտալիայում եւ 1 895 Իսպանիայում։
«Մենք պետք է նկատի ունենանք, որ սա կոպիտ հաշվարկ է, քանի որ վերաբերում է միայն մի քանի երկրների՝ կարճ ժամանակամիջոցի համար, եւ որ մահերի ընդհանուր թիվը, հավանաբար, անհամեմատ ավելի շատ է»,- ասել է Լեգան France 3 ֆրանսիական հեռուստաընկերությանը։
Ստացված արդյունքներին պետք է զգուշությամբ վերաբերվել, քանի որ սա վիճակագրական ուսումնասիրություն է։ Հետազոտության սահմանափակումներից մեկն այն էր, որ Ֆրանսիայում, Թուրքիայում եւ Բելգիայում, մասնավորապես, դեղի ազդեցության տվյալները ամբողջական չեն եղել։
Այնուամենայնիվ, հետազոտողներն ասում են. «Այս արդյունքը վկայում է հօգուտ դեղատոմսերի հասանելիության կոշտ կարգավորման գալիք համավարակների ժամանակ»։






