Ֆրանսիացի գիտնական Մարսել Գոթիեն հետազոտություն է կատարել, որը ցույց է տվել, որ «տքնաջան աշխատանքը» կարող է ռիսկեր պարունակել։ Լարված աշխատանքը եւ ուսումը կարող են առաջ բերել քրոմոսոմների երկարության արագացված կրճատում, ինչն էլ կարող է հանգեցնել բջիջների վաղ ծերացման։
The Lancet ամսագրում հրապարակված հոդվածում Գոթիեն պատմել է գործընկերների հետ իրականացրած հետազոտության մասին։ Նրանք ուսումնասիրել են բժշկական ինտերնատուրայի 250 շրջանավարտների ֆիզիոլոգիական բնութագրերը։
Մասնավորապես, չափվել են քրոմոսոմների վերջնամասերի երկարությունները ուսումն սկսելուց առաջ եւ հետո։ Փորձագետները եկել են այն եզրահանգման, որ երիտասարդ մասնագետների մոտ աշխատանքային ինտենսիվ ծանրաբեռնվածության դեպքում ԴՆԹ-ն մոտ վեց անգամ ավելի արագ է ծերանում։
Գոթիեի կարծիքով՝ նման փոփոխություններ տեղի են ունենում բոլոր նրանց մոտ, ովքեր ենթարկվում են երկարատեւ սթրեսի մի քանի շաբաթվա եւ անգամ ամիսների ընթացքում։ Մոտավորապես նման ավելորդ ծանրաբեռնվածություններ հաճախ զգում են զինվորականները կամ սթարտափ-ընկերությունների աշխատակիցները։
Վտանգներ կան նաեւ կանանց օրգանիզմում լուրջ վերակառուցման ժամանակ՝ հղիության եւ ծննդաբերությունից հետո առաջին ամիսների ընթացքում, որոնք ուղեկցվում են սթրեսի բարձր մակարդակով։ Գոթիեն խորհուրդ է տալիս ներդաշնակեցնել աշխատանքն ու հանգիստը, զբաղվել ֆիզիկական վարժություններով, օգտվել մեդիտացիայից։
Մեկ այլ հետազոտությունում գիտնականները նաեւ պարզել են, որ կապ գոյություն ունի բարձր տագնապայնության եւ վաղ մահվան միջեւ։ Հիպոխոնդրիկները տառապում են հիվանդություններով շատ ավելի հաճախ, քան առողջ նյարդային համակարգ եւ առողջ հոգեվիճակ ունեցող մարդիկ։






