Գիտնականները սինթեզել են բյուրեղներ, որոնք կարող են դառնալ այնպիսի հիվանդությունների պոտենցիալ բուժում, ինչպիսին են Պարկինսոնի, Ալցհեյմերի հիվանդությունները եւ շիզոֆրենիան։ Գիտնականները մոդելավորել են դրանց ներգործությունը կենսաբանական կառույցների վրա եւ եկել այն եզրակացության, որ դրանք արդյունավետ են փոխգործակցում այն սպիտակուցների հետ, որոնք կարեւոր դեր են խաղում այդ նեյրոլոգիական հիվանդություններում։

Zeitschrift für Physikalische Chemie պորտալի համաձայն՝ հետազոտությունը նոր հեռանկարներ է բացում հիբրիդային նյութերի ստեղծման համար, որոնք կարող են կիրառվել տարբեր ոլորտներում, ներառյալ կենսաբժշկությունը, էներգետիկան եւ էլեկտրոնիկան։

Հետազոտության շրջանակում ուսումնասիրվել են նոր ոչ օրգանական-օրգանական նյութի՝ (2R,5S)-2,5-դիմեթիլպիպերազին-1,4-դիիդինիտրատի (RSDPN) ֆիզիկա-քիմիական հատկությունները։ Այդ նյութը սինթեզվել է փափուկ պայմաններում եւ բյուրեղացվել մոնոկլին համակարգում՝ որոշակի տարածական խմբով։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ RSDPN-ն ունի սպիտակուցների հետ փոխգործակցելու ինքնատիպ հատկություն, ինչն այն դարձնում է պոտենցիալ թեկնածու նեյրոլոգիական հիվանդությունների բուժման դեղամիջոցների ստեղծման համար։

Հետազոտությունն իրականացվել է տարբեր մեթոդների կիրառմամբ, ինչպիսին են ինֆրակարմիր աբսորբցիոն սպեկտրոսկոպիան, Հիրշֆելդի մակերեսների անալիզը (HS), մոլեկուլների ատոմները (AIM), իջեցված խտության գրադիենտը (RDG) եւ էլեկտրոնների տեղայնացման ֆունկցիան (ELF)։

Դրանք գիտնականներին թույլ են տվել վիզուալացնել եւ քանակապես գնահատել այն մոլեկուլների փոխգործակցությունը, որոնք նպաստում են կառույցի կայունությանն ու տոկունությանը։

RSDPN նոր բյուրեղները ոչ միայն հիանալի կայունություն են ցուցադրել, այլեւ ուժեղ էլեկտրոֆիլային ակտիվություն, ինչը դրանք դարձնում է արժեքավոր դեղամիջոցների ստեղծման համար։ Մոլեկուլյար դոկինգի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ RSDPN ինհիբիտորներն ունեն Պարկինսոնի, շիզոֆրենիայի եւ Ալցհեյմերի հիվանդությունների բուժման պոտենցիալ։

Նշենք, որ հետազոտություններին մասնակցել են՝ Carthage University-ն (Թունիս), University of Monastir-ը (Թունիս), Սիբիրի դաշնային համալսարանը (ՌԴ), King Saud University-ն (Սաուդյան Արաբիա), Maharshi Dayanand University-ն (Հնդկաստան), Rennes Institute of Chemical Sciences-ը (Ֆրանսիա)։