Պրոթեզների ոչ ճիշտ օգտագործումը կարող է թոքաբորբի պատճառ դառնալ, գրում է Daily Mail-ը։

Քարդիֆի համալսարանի գիտնականները վերլուծել են թոքաբորբով հիվանդների բերանի, լեզվի և ատամնաշարի մանրէները և համեմատել դրանք առողջ ատամնաշար կրողների հետ: Հետազոտողները եզրակացրել են, որ պրոթեզները պարբերաբար չմաքրելը մեծացնում է թոքաբորբի վտանգը: Դա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ պաթոգեն օրգանիզմները կարող են աճել ատամնաշարի վրա, այնուհետև թքի միջոցով շարժվել դեպի թոքեր:

Ինչպես բացատրում է Լոնդոնի ատամնաբույժ Չարլզ Ֆերբերը, բերանն իդեալական տաք և խոնավ միջավայր է ապահովում բակտերիաների և սնկերի աճի համար: Հետևաբար, պրոթեզները պետք է հեռացնել բերանից և մաքրել օրական երկու անգամ՝ ատամի խոզանակով և ատամի մածուկով՝ առանց մասնիկների, որոնք կարող են քերծել արտադրանքը: Ավելի լավ է դա անել առանձին ամանի մեջ, որպեսզի խուսափեք ատամնաշարը լվացարանի մեջ գցելուց: Կարող եք նաև խնդրել ձեր ատամնաբույժին կամ հիգիենիստին մաքրել ձեր ատամնաշարն ուլտրաձայնային ատամների մաքրման մեքենայի միջոցով:

Բերանի խոռոչի օրթոդոնտիկ պաշտպանիչ միջոցները կամ քնած ժամանակ ատամների կրճտման դեմ պայքարելու միջոցները պատրաստված են ակրիլից, որն ունի կոպիտ մակերես: Դրան կարող են հեշտությամբ կպչել բակտերիաները, այդ թվում՝ նրանք, որոնք առաջացնում են կարիես, լնդերի հիվանդություն, կոկորդի ցավ, սրտխառնոց և շնչառական ուղիների վարակներ: Հետևաբար, այդ միջոցները նույնպես զգույշ խնամք են պահանջում։