Շաոսինի հիվանդանոցի եւ համանուն համալսարանի (Չինաստան) հետազոտողները հայտնաբերել են, որ մուգ շոկոլադի օգտագործումը կարող է իջեցնել էսենցիալ հիպերտենզիայի առաջացման հավանականությունը, գրել է Scientific Reports-ը։
Չինացի գիտնականներն իրենց հետազոտությունում կապ են հայտնաբերել մուգ շոկոլադի օգտագործման եւ սրտի ու անոթների հիվանդությունների առաջացման հավանականության միջեւ՝ օգտագործելով մենդելեեւյան ռանդոմիզացիայի մեթոդը։ Այն հիմնված է վերջնարդյունքի (որպես այդպիսին, օրինակ, նկատի են առնվում տարբեր հիվանդությունների ռիսկի գործոնները) վրա տարբեր գենետիկ վարիացիաների ազդեցության ուսումնասիրման վրա։
Սկզբում գիտնականները հավաքել են տվյալներ 64 945 եվրոպացիների առողջական վիճակի մասին եւ կենսաբանական նյութեր։ Այնուհետեւ նրանք ուսումնասիրել են ստացված ինֆորմացիան, որպեսզի պարզեն պատճառահետեւանքային կապը մուգ շոկոլադի օգտագործման գենետիկորեն կանխատեսված մակարդակի եւ սիրտ-անոթային 12 հիվանդությունների (ինչպիսին են սրտային անբավարարությունը, սրտի իշեմիկ հիվանդությունը, ինֆարկտը, նախասրտերի ֆիբրիլյացիան, երակների թրոմբոզը, հիպերտոնիան եւ ինսուլտը) առաջացման հավանականության միջեւ։
Արդյունքները ցույց են տվել, որ մուգ շոկոլադի օգտագործումը զգալիորեն իջեցնում է էսենցիալ հիպերտենզիայի առաջացման հավանականությունը։ Դա հիվանդություն է, որին բնորոշ է զարկերակային ճնշման աճը լյարդի եւ այլ համակարգերի պաթոլոգիական փոփոխությունների բացակայության ֆոնին։ Ի տարբերություն հիպերտենզիայի այլ տեսակների (ռենովասկուլյար, երկրորդային), ճնշման բոլոր բարձրացումները նկատվում են սրտի խնդիրների կամ անոթային տոնուսի բացակայության պատճառով։ Ոչ մի նշանակալի կապ մուգ շոկոլադի օգտագործման եւ սիրտ-անոթային այլ հիվանդությունների առաջացման վտանգի միջեւ չի նկատվել։
Ամենայն հավանականությամբ, մուգ շոկոլադում պարունակվող ֆլավանոլները (բուսական միացություններ) կարող են բարելավել էնդոթելի ֆունկցիան, բարձրացնել անոթների առաձգականությունը եւ կանխել թրոմբոցիտների «սոսնձումը» ի հաշիվ ազոտի օքսիդի արտազատման ավելացման։






