Տանը պատրաստված լանչ-բոքսերը, ինչպես նաեւ ճաշարանի կերակուրներն ավելի հաճախ են համապատասխանում առողջ սնվելու չափորոշիչներին, քան պատվիրված կամ ռեստորանային ուտելիքները։ Այս մասին վկայում է այն հետազոտությունը, որը հրապարակվել է Journal of Occupational & Environmental Medicine-ում (JOEM)։

Գիտնականները հարցում են իրականացրել Տոկիոյի ութ գրասենյակների 620 աշխատակիցների շրջանում։ Նրանց տարիքը կազմել է 20-75 տարեկան։ 190 հոգի աշխատավայրում կերել է տանը պատրաստված կերակուր, 77 հոգի գնացել է ճաշարան, 109 հոգի՝ ռեստորան կամ սրճարան, իսկ 244 հոգի պավիրել է ուտելիքներ։ Նրանց սնունդը գնահատել են 2015թ. առողջ սննդի ինդեքսի օգնությամբ։

Ամենից շատ միավորներ ստացել են ճաշարանի կերակուրները, որոնց հաջորդել են տնային լանչ-բոքսերը։ Ճաշարանի այցելուներն ավելի շատ են կերել բանջարեղեններ, ձուկ, կարտոֆիլ եւ ավելի շատ վիտամիններ են ստացել ուտելիքից։ Պատվիրված ուտելիքներ կերածները եւ ռեստորան այցելածները միջինն աշխատել են ավելի շատ ժամեր եւ ավելի հաճախ են աշխատանքն ավարտել ավելի ուշ։

«Այս հետազոտությունը ճապոնացի աշխատողների սննդային սովորությունների ուսումնասիրման առաջին փորձն էր։ Մենք հուսով ենք, որ մեր արդյունքները կնպաստեն ավելի առողջ սննդի տարածմանը, հատկապես նրանց շրջանում, որոնց համար դժվար է ինքնուրույն ուտելիք պատրաստել աշխատավայրում»,- նշել են հեղինակները։