Սուն Յաթսենի անվան համալսարանի (Չինաստան) հետազոտողները հայտնաբերել են կապ մետաբոլիկ համախտանիշի (ճարպակալում, հիպերգլիկեմիա, հիպերտոնիա եւ հիպերլիպիդեմիա) եւ օսթեոարթրիտի առաջացման բարձր հավանականության միջեւ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMC (BioMed Central) Public Health-ում։

Հետազոտությանը մասնակցել է 58 տարեկան 370 311 մարդ։ Գիտնականները տեղեկություններ են հավաքել մասնակիցների առողջության, նրանց սննդի, ընդունած դեղերի, ֆիզիկական ակտիվության մակարդակի, մարմնի զանգվածի ինդեքսի եւ սոցիալ-ժողովրդագրական բնութագրերի մասին։ Դրանից հետո սկսվել է դիտարկման փուլը, որը տեւել է ավելի քան 12 տարի։

Պարզվել է, որ մետաբոլիկ համախտանիշ ունեցողների (ճարպակալման հետ կապված նյութափոխանակության խանգարում, հիպերգլիկեմիա՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացում, հիպերտոնիա եւ հիպերլիպիդեմիա՝ արյան մեջ լիպիդների կամ լիպոպրոտեինների խտության ավելացում) մոտ բարձր է օսթեոարթրիտի առաջացման վտանգը։ Դա հոդերի դեգեներատիվ-դիստրոֆիկ հիվանդություն է, որի պատճառը կռճիկային հյուսվածքի ախտահարումն է։

Նշվել է, որ, ամենայն հավանականությամբ, մարմնի ավելորդ զանգվածը մեծացնում է հոդերի վրա մեխանիկական բեռնվածությունը եւ փոխում խոլեստերինի մետաբոլիզմը։ Այդ նյութը մշտապես գոյանում է օրգանիզմում եւ օգտագործվում բջջային մեմբրանների կառուցման համար։ Պարզվել է նաեւ, որ հոդային հյուսվածքի սինովիալ թաղանթի բորբոքումը, որը բնորոշ է օսթեոարթրիտին, կարող է լինել օրգանիզմում լիպիդային փոխանակման խանգարման հետեւանք։