Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են բազմանդամ ընտանիքների երեխաների մտավոր զարգացման նրբությունները։ Նրանք եկել են այն եզրահանգման, որ  բազմաթիվ քույրերի եւ եղբայրների առկայությունը կարող է ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական էֆեկտ մարդու կոգնիտիվ եւ սոցիալական ունակությունների վրա։ Հետազոտությունը հրապարակվել է American Sociological Review (ASR) գիտական ամսագրում։

Մեծ ընտանիքների երեխաների համար դժվար է բարձունքների հասնել ուսման մեջ, քանի որ նրանց ծնողների ռեսուրսները անբավարար են լինում։ Մեծահասակները ստիպված են իրենց ժամանակը, ուշադրությունը եւ փողը բաշխել զավակների միջեւ։ Բայց որոշ մասնագետներ կարծում են, որ դժվարությունները պայմանավորված են ոչ թե ընտանիքի չափով, այլ դաստիարակության արժեքներով եւ ոճերով։

Նոր գիտական աշխատանքում օգտագործվել են Մարդկանց ազգային երկայնական հետազոտության տվյալները, որն իրականացվել է 1979թ.։ Ուսումնասիրվել է 9 479 երեխա, ինչը թույլ է տվել ուսումնասիրել նրանց ընտանիքների դինամիկան ժամանակի ընթացքում։

Գիտնականներին հետաքրքրել է երկու բնութագիր՝ մտավոր զարգացումը եւ սոցիալական վարքը։ Երեխաների կոգնիտիվ ունակությունները կախված են եղել ռեսուրսների քանակից, որոնք կարող են նրանց տալ ծնողները։ Այսինքն՝ որքան ավելի շատ երեխան քույրեր եւ եղբայրներ ունի, այնքան ավելի քիչ հնարավորություններ է ստանում ինտելեկտուալ կատարելագործման համար։ Դա հատկապես շատ է ազդում ընտանիքի առաջին եւ երկրորդ երեխաների վրա։

Միեւնույն ժամանակ, քույրերի եւ եղբայրների առկայությունը, հատկապես ավագ, բարելավում է սոցիալական վարքը եւ օգնում շփման հմտությունների ձեռքբերմանը։ Բայց, որպես կանոն, դրանից օգուտ քաղում են կրտսեր երեխաները, իսկ ավագները՝ ոչ։