Իռլանդացի գիտնականները Լիմերիկի համալսարանից ուսումնասիրել են, թե ինչպես են մարտական տեսախաղերը, որոնք հայտնի են նաեւ որպես էքշըն-խաղեր, բարելավում մարդու կոգնիտիվ ունակությունները։ Հետազոտությունը հրապարակվել է British Journal of Psychology (BJP) գիտական ամսագրում։
Փորձին մասնակցել է 88 մարդ, որոնց կեսը հաճախ վիրտուալ մարտախաղերով է զբաղվել, իսկ երկրորդ կեսը չի զբաղվել խաղերով։ Կամավորները երեք թեստ են անցել՝ ուշադրության պահպանման, խնդրից խնդիր անցման եւ տարածական աշխատանքային հիշողության։
Գիտնականները նաեւ ստուգել են, թե ինչպես է մտավոր հոգնածությունն ազդում ցուցանիշների վրա՝ ստիպելով մի խմբին կատարել բարդ կոգնիտիվ առաջադրանքներ 45 րոպեի ընթացքում, իսկ երկրորդին՝ վավերագրական ֆիլմ դիտել։
Մասնագետները պարզել են, որ էքշըն-խաղերի սիրահարները մրցակիցներից առաջ են անցել համալիր ուշադրության եւ տարածական հիշողության հարցում՝ անկախ մտավոր հոգնածությունից։ Համալիր կամ բարդ ուշադրությունը միաժամանակ մի քանի խթանների հետեւելու եւ արձագանքելու ունակությունն է, որոնք կարող են լինել տարատեսակ ըստ բնույթի եւ տարբեր գործողություններ պահանջել։ Իսկ տարածական հիշողությունը թույլ է տալիս հիշել եւ վերարտադրել տարածությունում օբյեկտների գտնվելու տեղն ու կողմնորոշվել։
Սակայն խաղերի սիրահարները նման եւ անգամ ավելի վատ արդյունքներ են ցուցաբերել մյուս խմբի համեմատ, որոնք պետք է պահպանեին ուշադրությունը, որն անհրաժեշտ է մի խնդրի վրա երկարատեւ կենտրոնանալու համար։
Հետազոտողները կարծում են, որ դինամիկ տեսախաղերը իսկապես կարող են մարզել բարդ կոգնիտիվ հմտությունները, բայց մարդիկ չպետք է մոռանան հոգնածության մասին եւ էկրանի առջեւ չափից շատ ժամանակ չանցկացնեն՝ չափից շատ հոգնելուց խուսափելու համար։






