Ցածր չափաբաժիններով ճառագայթումը կարող է նվազեցնել ուղեղի ախտահարումը վնասվածքի կամ ինսուլտի դեպքում, ինչպես նաեւ մեղմել ինսուլտի հետ կապված շարժողական խանգարումները։ Այս մասին վկայում է Brain, Behavior, and Immunity ամսագրում հրապարակված հետազոտությունը։

Գանգուղեղային վնասվածքից կամ ինսուլտից հետո ողջ մնացածների մոտ կեսը ունենում է շարժողական խանգարումներ եւ հաշմանդամություն ամբողջ կյանքի ընթացքում։ Նոր հետազոտությունում գիտնականները հայտնաբերել են, որ ռենտգենյան ճառագայթման ցածր չափաբաժինները կարող են 43-51 տոկոսով փոքրացնել ուղեղի հյուսվածքի կորստի գոտին ինսուլտի դեպքում։

Բացի այդ,  ռենտգենն արագացրել է շարժողական ֆունկցիաների վերականգնումը։ Օրինակ, մկներին շատ ավելի քիչ ժամանակ է հարկավոր եղել, որպեսզի նեղ գերանի վրա շրջվեն եւ շարժվեն հակառակ ուղղությամբ։ Հետագա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ռենտգենի ցածր չափաբաժինները խթանել են գեների բորբոքման նվազման հետ կապված ակտիվությունը (էքսպրեսիան)։

Կենդանիների վրա կատարված նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ցածր չափաբաժիններով ռենտգենյան ճառագայթումը կարող է խթանել իմունային համակարգի աշխատանքը, վերքերի ապաքինումը եւ բջիջների աճը, ինչպես նաեւ խոչընդոտել ուղեղի հյուսվածքի կորստին նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ժամանակ։

Գիտնականների կարծիքով՝ լրացուցիչ ստուգումներից հետո իրենց մեթոդը կարող է կիրառվել բժշկության մեջ։