Բրիտանացի նեյրոֆիզիոլոգները հայտնաբերել են, որ աճի աղտոտված մարդկային հորմոնի ներարկումներն անցած դարավերջին՝ երեխաների աճը խթանելու համար, երկու-երեք տասնամյակ հետո առաջ են բերել Ալցհեյմերի հիվանդության առաջացման առնվազն հինգ դեպք։ Այս մասին տեղեկացրել է  Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) մամուլի ծառայությունը։

2015թ. բրիտանացի նեյրոֆիզիոլոգները պարզել են, որ աճի մարդկային ծագում ունեցող, վատ մաքրված հորմոնի ներարկումները կարող են ոչ միայն առաջացնել Կրեյտցֆելդ-Յակոբի հիվանդություն, այլեւ հանգեցնել Ալցհեյմերի հիվանդության առաջացման։ Այս բացահայտումը մեծ հետաքրքրություն է առաջացրել այն հարցում, թե որքան հաճախ եւ ինչպես է առաջանում դեմենցիան այն մարդկանց մոտ, որոնք նման ներարկում են ստացել։

Առաջնորդվելով այս նկատառումներով՝ հետազոտողներն ուսումնասիրել են Մեծ Բրիտանիայի մեծ թվով բնակիչների հիվանդության պատմությունները, որոնք 1960-1980-ական թթ. ստացել են աճի չմաքրված մարդկային հորմոնի մեկ կամ մի քանի ներարկում։ Ուսումնասիրության ընթացքում գիտնականներին հաջողվել է հայտնաբերել միանգամից ութ պացիենտի, որոնք երկար ժամանակ ստացել են բետա-ամիլոիդով աղտոտված հորմոնի ներարկումներ։

Բետա-ամիլոիդը ինքնաբազմացող թունավոր սպիտակուցային գնդիկ է, որը նպաստում է նեյրոնների զանգվածային մահվանը Ալցհեյմերի հիվանդության ժամանակ։ Գիտնականները հայտնաբերել են, որ բետա-ամիլոիդի հայտնվելը պացիենտների օրգանիզմում աճի հորմոնի հետ միասին հանգեցրել է դեմենցիայի արագ զարգացման ութ պացիենտից հինգի մոտ, որոնք մանուկ տարիքում ստացել են այդ նյութի ներարկում։ Նրանցից չորսի մոտ դեմենցիան առաջացել է մինչեւ 50 տարեկանը, իսկ մեկի մոտ՝ 55 տարեկանում։

Հիվանդների պատմությունների հաջորդ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ փաստորեն բոլոր պացիենտները, բացի մեկից, գենետիկորեն նախատրամադրված չեն եղել Ալցհեյմերի հիվանդության հանդեպ եւ չեն տառապել զարգացման տարբեր քրոնիկական եւ բնածին արատներով։ Հետազոտողների կարծիքով՝ սա վկայում է այն բանի օգտին, որ դեմենցիան առաջացել է աճի աղտոտված հորմոնի ներարկման հետեւանքով, այլ ոչ թե մի ինչ-որ այլ պատճառով։

Այս մասին է վկայում նաեւ այն, որ բոլոր հինգ պացիենտները ստացել են հորմոն, որն արտադրվել է այն նույն մեթոդաբանությամբ, որը մշակվել է 1948թ. ամերիկացի էնդոկրինոլոգ Ալֆրեդ Վիլհելմի կողմից։ Կրեյտցֆելդ-Յակոբի հիվանդության առաջին դեպքերի առաջացումից հետո 1985թ. դրա օգտագործումը բժշկական պրակտիկայում դադարեցվել է, ինչը բացառում է Ալցհեյմերի հիվանդության առաջացման նոր դեպքերը, ամփոփել են հետազոտողները։