Բրիսթոլի համալսարանի գիտնականները The Conversation լրատվական պորտալի հետ զրույցում թվարկել են հինգ հիվանդություն, որոնք կարելի է ախտորոշել մաշկի վիճակով։
Մաշկը մարդու օրգանիզմի ամենամեծ օրգանն է, եւ դրա վիճակով կարելի է գնահատել մարդու առողջությունը։ Այսպես, կարմիր ցանը կամ թափառող էրիտեման, որն այդպես է անվանվել մաշկի վրա արագ տարածվելու իր ունակության պատճառով, Լայմի հիվանդության տարբերակիչ նշանն է, որը փոխանցվում է տզերի խայթոցի միջոցով։ Էրիտեմայի առանձնահատկությունն այն է, որ նրա չափերը մշտապես մեծանում են՝ կենտրոնում հիպերեմիայի միաժամանակյա առաջացմամբ։
Ցանի եւս մեկ տեսակ է պուրպուրան։ Դրանք փոքր բծավոր մազանոթային արնազեղումներ են, որոնք փոքր մանուշակագույն կամ կարմիր կետերի տեսք ունեն։ Պուրպուրան ահազանգում է կամ մանր արյունատար անոթների պատերի հետ կապված խնդիրների, որոնք սնում են մաշկը, կամ դրանց ներսում գտնվող արյան հետ կապված խնդիրների մասին։ Դա կարող է պայմանավորված լինել թրոմբոցիտների անբավարարության կամ կյանքի համար վտանգավոր սեպտիցեմիայի վիճակի հետ, երբ վարակը տարածվում է արյան հոսքում։
Անոթային աստղիկները պաթոլոգիական լայնացած մազանոթներն են, որոնք տեսանելի են դառնում մաշկի մակերեսին։ Դրանք հիշեցնում են կարմիր կամ մանուշակագույն կետեր, գծեր եւ «սարդոստայններ»։ Դրանց հայտնվելու պատճառները բազմաթիվ են՝ վարիկոզ հիվանդություն, արյան միկրոշրջանառության խախտում, հորմոնալ խանգարումներ կամ վիտամինների եւ միկրոտարրերի անբավարարություն։
Մաշկի մգացած ծալքերը կամ սեւ ականտոզը մաշկի հիպերպիգմենտացիան է սովորաբար մարմնի ծալքերում եւ այլ մասերում։ Մաշկը, որպես կանոն, դառնում է սեւ կամ գորշ ու թավշյա։ Սեւ ականտոզը ավելի հաճախ առաջանում է հորմոնալ խախտումների, երկրորդ տեսակի դիաբետի, պոլիկիստոզ ձվարանների, ուռուցքային պրոցեսների, թունավոր ազդեցությունների ֆոնին։
Սրտի հիվանդությունների նշաններից մեկն է դեմքին կարմիր բծերի առկայությունը, որոնք նման են թիթեռի։ Դա միտրալ ֆրակցիա է, երբ կարող են կարմրել միտրալ սթենոզ ունեցող մարդու այտերը, այն դեպքում, երբ դեմքի մնացած մասը կապտավուն երանգ ունի։






