ԱՄՆ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ կալորիաների սահմանափակումը բարելավում է ուղեղի առողջությունը եւ երկարացնում կյանքը հատուկ գենի գործունեության փոփոխության հաշվին։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Պարզելու համար, թե ինչ մեխանիզմ է ընկած սահմանափակող սննդաբաժինների նեյրոպրոտեկտորային հիմքում եւ երիտասարդությունը պահպանող հատկություններում, գիտնականներն ուսումնասիրել են տարբեր գենետիկ ծագում ունեցող պտղաճանճերի գենոմները։ Լույս աշխարհ գալու պահից միջատները հետեւել են սնվելու երկու սխեմաներից մեկին։ Առաջին խումբը ստացել է կալորիաների բավականաչափ քանակություն, երկրորդը՝ նորմից 10 տոկոս պակաս։

Հետազոտողները նույնականացրել են հինգ գեներ, որոնք ունեցել են առանձնահատուկ տարբերակներ, դրանք էապես ազդել են կյանքի տեւողության վրա սնունդը սահմանափակելու պայմաններում։ Դրանցից երկուսը ունեցել են անալոգներ մարդու գենետիկայում։ Թիմը մանրակրկիտ ուսումնասիրման համար ընտրել է պտղաճանճերի մեկ գեն՝ mustard (mtd) անվանմամբ (Oxidation Resistance 1 — OXR1 մարդկանց եւ մկների մոտ)։

Հասկանալու համար, թե ինչպես է այդ գենն ազդում կյանքի ընդհանուր տեւողության վրա, թիմը մի շարք խորացված լաբորատոր թեստեր է կատարել։ Գիտնականները հայտնաբերել են, որ OXR1-ը ազդում է ռետրոմեր անվանվող համալիրի վրա։ Այն սպիտակուցների հավաքածու է, որոնք անհրաժեշտ են բջջային պրոտեինների եւ լիպիդների վերամշակման համար։ Նշվել է, որ ռետրոմերային դիսֆունկցիան կապված է տարիքային նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, մասնավորապես՝ Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդությունների հետ։

Հետազոտողները բացատրել են, որ կալորիաների սահմանափակման դեպքում բջիջներում բարձրանում է OXR1-ի էքսպրեսիան։ Դրա հետ միաժամանակ, ռետրոմերի ֆունկցիան բարելավվում է, ինչը կապված է քայքայումից օրգանիզմի բջիջների (այդ թվում նեյրոնների) պաշտպանության հետ։ Այս մեխանիզմը ապահովում է կյանքի ավելի բարձր տեւողություն եւ պարզ մտքի պահպանում տարեց հասակում։