Երիկամների անբավարարությամբ տառապող հիվանդները ժամանակ առ ժամանակ ստիպված են դիալիզի օգնությանը դիմել՝ ձեռք բերելու համար այն, ինչ երիկամներն այլես ընդունակ չեն անել: Բացի զուտ ֆիզիկական բնույթ կրող առողջական խնդիրներից, դիալիզի ենթարկվող հիվանդները նաեւ դեպրեսիային հատուկ ախտանշաններ կարող են դրսեւորել՝ կյանքի ցածր որակի եւ հետագա կենսագործունեության աղոտ հեռանկարների պատճառով: Clinical Journal of the American Society of Nephrology ամսագրի վերջին համարում նկարագրություն գտած գիտահետազոտական աշխատանքի արդյունքներն այն մասին են վկայում, որ աէրոբիկ վարժությունները կարող են դիալիզի ենթարկվող հիվանդների ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ մտավոր առողջությանը նպաստել, հաղորդում է Medical Daily-ն:
Անտոնիո Ալբերտո Լոպեսի եւ Ռոնալդի Պիսոնիի ղեկավարությամբ գործող գիտահետազոտական խմբի անդամները հավելյալ տեղեկություններ են հավաքագրել դիալիզի արդյունքների եւ կիրառման եղանակների ուսումնասիրությանը միտված նախընթաց հետազոտություններից մեկի 5763 մասնակիցների վերաբերյալ: Գիտնականները, մասնավորապես, հարցախույզ են նախաձեռնել՝ դիալիզի ենթարկվող կամավորների կողմից մկանների ամրության եւ ճկունության մակարդակի ավելացմանը միտված գործողությունների իրականացման հաճախականությունը պարզելու նպատակով, որի արդյունքների հիման վրա էլ մասնակիցները 3 խմբերի են բաժանվել:
Մեկուկես տարի անց իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ աէրոբիկ վարժությունները երիկամային անբավարարությամբ տառապող հիվանդների կյանքի որակը բարձրացնելու, ինչպես նաեւ դեպրեսիվ հիվանդությունների առաջացման եւ վաղաժամ մահացության ռիսկը նվազեցնելու հատկություն ունեն: Մասնավորապես, ֆիզիկապես առավել ակտիվ հիվանդները, ամենաթույլ ակտիվություն ցուցաբերող մասնակիցների հետ համեմատությամբ, հիշյալ ժամանակահատվածին դիմակայելու, առավել բարձրորակ կյանքով ապրելու եւ դեպրեսիային հատուկ ախտանիշներից խուսափելու 40 տոկոսով բարձր կարողություն են դրսեւորել:






