Վաշինգտոնի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ արագ պատրաստման մթերքների շատ փաթեթներ ֆտալատներ (նյութեր, որոնց ազդեցությունը կապված է վաղաժամ ծննդաբերությունների եւ երեխաների մոտ աուտիզմի եւ այլ խանգարումների առաջացման հետ) են պարունակում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Environment International-ում (EI)։

Հետազոտությունում օգտագործվել են 1 031 ամերիկացիների տվյալներ, որոնք հղիացել են 2006-2011թթ.։ Հղիության երրորդ եռամսյակում գիտնականները նրանցից վերցրել են մեզի նմուշներ ֆտալատների մակարդակը պարզելու համար։ Մասնակիցները նաեւ տեղեկություններ են տրամադրել իրենց սննդային սովորությունների մասին։

Հետազոտողները հայտնաբերել են, որ ուլտրավերամշակված մթերքները (ֆասթֆուդ, արագ պատրաստման կերակուրներ, պաղպաղակ, քաղցր սնունդ, հացամթերք) կազմել են նրանց կերակրաբաժնի 10-60 տոկոսը։ Այդ մթերքների յուրաքանչյուր 10 տոկոսի ավելացման դեպքերը կապված են եղել 13 տոկոսով 2-էթիլհեքսիլի խտության ավելացման հետ, որն ամենատարածված թունավոր ֆտալատներից է։

Ուլտրավերամշակված մթերքները պատրաստվում են հիմնականում կարագից, շաքարից եւ օսլայից։ Բայց պատրաստման, հետագա մշակման եւ փաթեթավորման ժամանակ դրանք ենթարկվում են փոփոխությունների, որոնք կարող են բացասական ազդեցություն թողնել առողջության վրա։ Ֆտալատները կարող են նաեւ սննդի մեջ հայտնվել լատեքսալ ձեռնոցների, սարքերի եւ գործիքների հետ շփվելու միջոցով։

Նշվել է, որ ֆտալատների ազդեցությունը կապում են ներարգանդային բորբոքային պրոցեսների առաջացման հետ։ Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ այդ նյութերը կարող են ավելացնել վաղաժամ ծննդաբերությունների եւ երեխաների հոգեկան խանգարումների, ինչպիսին են աուտիզմը եւ ուշադրության եւ հիպերակտիվության դեֆիցիտի համախտանիշը,  վտանգը։