Քեմբրիջի համալսարանի գիտնականները մշակել են արյան անալիզի միջոց, որը թույլ է տալիս ախտորոշել երկբեւեռ խանգարումը հատուկ բիոմարկերներով։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Psychiatry-ում։

Երկբեւեռ խանգարման (ԵԲԽ) հայտնաբերման բարդությունն այն է, որ պացիենտները, որոնք գտնվում են մանիակալ փուլում (ուղեկցվում է էյֆորիայի վիճակով), օգնության չեն դիմում։ Սակայն երկբեւեռ խանգարումը բնութագրվում է փուլերի կտրուկ հերթագայությամբ։ Մանիակալ փուլին սովորաբար հաջորդում է դեպրեսիվ փուլը։

Շատ հոգեբույժներ սխալմամբ երկբեւեռ խանգարում ունեցող պացիենտի համար ախտորոշում են դեպրեսիա եւ նշանակում համապատասխան դեղեր։ Բայց ոչ կոռեկտ բուժումը կարող է հանգեցնել նոր մանիակալ դրվագի։ Վառ արտահայտված մոլուցք ունեցող մարդիկ հակված են գերագնահատել իրենց, ինչը հանգեցնում է նրանց կողմից չմտածված արարքներ կատարելուն։ Դրանցից են չափից ավելի ֆինանսական ծախսերը, ռիսկային սեռական վարքը։

Գիտնականները փորձել են ստեղծել գործիք, որը կկարողանա բարձր ճշգրտությամբ հայտնաբերել ԵԲԽ-ն ցանկացած փուլում։ Դրա համար նրանք հետազոտության մեջ ներգրավել են ԵԲԽ ունեցող մոտ երեք հազար մարդու եւ առողջ կամավորականների։ Փորձարկվողները գնահատել են իրենց հոգեվիճակը՝ լրացնելով թերթիկներ, որոնք պարունակել են ավելի քան 600 հարց։ Այնուհետեւ հետազոտողները բոլոր մասնակիցներից արյան նմուշներ են վերցրել։

Գիտնականները հայտնաբերել են, որ ԵԲԽ ունեցող մարդկանց արյան մեջ առկա է եղել 17 հատուկ մետաբոլիտ (նյութափոխանակության արդյունքներ, որոնք գոյանում են օրգաններում, հյուսվածքներում եւ բջիջներում մետաբոլիզմի պրոցեսի հետեւանքով), որոնք չեն ունեցել առողջ կամավորականները։ Ամենահատկանշական բիոմարկերը եղել է ցերամիդ d18:0/24:1-ը։

Գիտնականները նշել են, որ ԵԲԽ բիոմարկերների մասին տվյալների համադրումը պացիենտների տրամադրած տեղեկության հետ զգալիորեն կբարձրացնի այդ խանգարման ախտորոշման արդյունավետությունը։