Ասեղնաբուժությունը կարող է իջեցնել ռեւմատոիդ արթրիտ ունեցող մարդկանց ինսուլտի ռիսկը։ Այս մասին է վկայում BMJ Open ամսագրում հրապարակված հետազոտությունը։

Ռեւմատոիդ արթրիտ ունեցող մարդկանց մոտ բարձր է սիրտ-անոթային հիվանդությունների, այդ թվում կյանքի համար վտանգավոր ինսուլտի վտանգը։ Նոր հետազոտությունում գիտնականներն ուսումնասիրել են 23 հազար պացիենտների տվյալները, որոնց մոտ ախտորոշվել է ռեւմատոիդ արթրիտ 1997-2010թթ.։ Նրանցից 12 հազարը ասեղնաբուժություն է ստացել մինչեւ 2010թ. ինչ-որ պահի։

Մինչեւ 2011թ. դիտարկումների ավարտը 946 պացիենտ իշեմիկ ինսուլտ է ստացել։ Ասեղնաբուժվողների խմբում այդ հիվանդության (թրոմբով պայմանավորված) դեպքերի թիվը զգալիորեն փոքր է եղել. 341 ընդդեմ 605-ի, ինչը հավասարարժեք է 43 տոկոսով վտանգի իջեցմանը։ Ասեղնաբուժության էֆեկտը նկատվել է անկախ տարիքից, սեռից, դեղերի ընդունումից եւ ուղեկցող հիվանդություններից։

Գիտնականները նշել են, որ իրենց տվյալները չեն ապացուցում պատճառահետեւանքային կապի առկայությունը, այլ միայն ցույց են տալիս կորելյացիայի առկայությունը։ Բայց նրանք ենթադրում են, որ ասեղնաբուժությունը կարող է իջեցնել բորբոքային սպիտակուցների (ցիտոկինների) մակարդակներն օրգանիզմում, որոնք կապված են սիրտ-անոթային հիվանդությունների հետ։ Հնարավոր է նաեւ, որ ասեղնաբուժությունը կարող է մեղմել առավոտյան կաշկանդվածությունը եւ հոդերի ցավը։ Արդյունքում՝ պացիենտերն ավելի շատ են շարժվում, ինչն ինքնին իջեցնում է ինսուլտի վտանգը։