Սննդաբան Միշել Ռաուհը ԱՄՆ Մոնկլերի պետական համալսարանից նշել է, որ սննդային ծովային աղը համարվում է օգտակար, որովհետեւ ենթարկվում է նվազագույն մշակման եւ պարունակում մագնիումի, կալցիումի եւ կալիումի  ոչ մեծ քանակություն։ Այնուամենայնիվ, նատրիումի չափից շատ օգտագործումը ցանկացած տեսքով կարող է բարձրացնել սրտի եւ անոթների հիվանդությունների հավանականությունը, տեղեկացրել է Daily Mail-ը։

Մասնագետը բացատրել է, որ ծովային, հիմալայան եւ սովորական աղը պարունակում են նատրիումի մոտ 40 տոկոս, որը միացություն է, որն ազդում է արյան ճնշման վրա։ Ծովային աղը ենթարկվում է նվազագույն մշակման եւ կարող է պարունակել մագնիում եւ կալիում։ Սովորական աղի կազմում կա յոդ, որի հիմնական կենսաբանական դերը վահանաձեւ գեղձի հորմոնների կազմավորումն է։

Ռաուհը նշել է, որ, ի հեճուկս տարածված կարծիքի, սովորական սննդային աղը ծովայինով փոխարինել պետք չէ։ Հավասարակշռված չափաբաժինը կարող է ապահովել օրգանիզմը անհրաժեշտ բոլոր հանքանյութերով։ Բացի այդ, սննդաբանի կարծիքով, ցանկացած տեսակի աղի օգտագործումը պետք է սահմանափակվի։

Նատրիումի ավելցուկը հանգեցնում է այն բանին, որ օրգանիզմում սկսում է հեղուկ մնալ։ Աղի շատ օգտագործումը նաեւ կարող է հիպերտոնիայի եւ սրտի ու անոթների այլ հիվանդությունների պատճառ դառնալ։ Դա կապված է շրջանառվող արյան ծավալի եւ զարկերակների պատերի վրա բեռնվածության ավելացման հետ։