Բոստոնի բժշկական կենտրոնի գիտնականները հայտնաբերել են, որ ափնոեն (շնչառության պարբերական կանգեր քնած մարդու մոտ) կարող է դառնալ ուշադրության եւ հիշողության վատացման պատճառ գիշերային հանգստի որակի նվազման հետեւանքով։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են American Academy of Neurology (ААN) կայքում։
Հետազոտությանը մասնակցել է 4 257 մարդ։ Նրանք լրացրել են հարցաթերթիկ՝ պատասխանելով քնի որակի, ինչպես նաեւ հիշողության եւ մտածողության հետ կապված խնդիրների առկայության մասին։ Մասնավորապես, կամավորներին խնդրել են պատմել՝ արդյոք նրանք դժվարություններ ունենում են հիշողության, ուշադրության կենտրոնացման կամ որոշումներ կայացնելու հետ կապված։
Մասնակիցների ընդհանուր թվից 1 079-ը տեղեկացրել է քնի մեջ ափնոեի մասին։ Նրանցից 357-ը (կամ 33 տոկոսը) տեղեկացրել է հիշողության կամ մտածողության հետ կապված խնդիրների մասին։ Ափնոե չունեցող մարդկանց խմբում 628 մարդ (կամ ընդհանուր թվի 20 տոկոսը) պատմել է այն մասին, որ նման դժվարություններ ունեցել է։
Կոգնիտիվ ունակությունների վրա ազդող այլ գործոնները հաշվառելուց հետո, ինչպիսին են տարիքը, ռասայական պատկանելությունը, սեռը եւ կրթությունը, հետազոտողները հայտնաբերել են, որ քնի մեջ ափնոեի ախտանշանների մասին տեղեկացնող մարդիկ մոտ 50 տոկոսով ավելի հաճախ են ունեցել հիշողության եւ ուշադրության հետ կապված խնդիրներ։
Հետազոտողները ենթադրել են, որ գիշերը հաճախակի արթնանալը ափնոեի (շնչառության կանգի) պատճառով նվազեցնում է քնի որակը։ Գիշերային հանգստի անբավարարությունը, իր հերթին, բացասաբար է ազդում կոգնիտիվ հմտությունների վրա։






