Նովի Սադի համալսարանի սերբ գիտնականները ուսումնասիրել են առողջության վերականգնման հեռանկարները հետքովիդային համախտանիշի դեպքում՝ շնչառական վարժությունների եւ կրեատինի հավելման օգնությամբ։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of Postgraduate Medicine (JPM) գիտական պարբերականում։
Հետքովիդային համախտանիշը կամ երկարատեւ COVID-19-ը ախտահարում է պացիենտների զգալի մասին, որոնք հաղթահարել են կորոնավիրուսային վարակը։ Այն բնորոշվում է հոգնածության եւ թոքերում առկա անհարմարության մշտական զգացողությամբ։
Կրեատինը կամ ազոտ պարունակող կարբոնաթթուն բնական միացություն է, որը կարեւոր դեր է խաղում բջջային մակարդակում էներգիայի արտադրման գործում։ Դրա արդյունավետությունը ֆիզիկական վարժությունների հետ համադրմամբ փաստերով հաստատվել է առողջական տարբեր վիճակներում, բայց դրա կիրառումը շնչառական վարժությունների հետ միասին՝ երկարատեւ COVID-ից վերականգնվելուց հետո, մինչ այժմ մանրամասն չի ուսումնասիրվել։
Այս պիլոտային հետազոտությանը մասնակցել է ութ պացիենտ հետքովիդային համախտանիշով, որոնք վարակվելուց հետո չափավոր հոգնածություն եւ շնչառական անհարմարություններ են ունեցել առնվազն երեք ամիս, առանց որեւէ այլ սիրտ-թոքային հիվանդության։
Կամավորներին բաժանել են երկու խմբի, որոնցից մեկն ամեն օր ստացել է չորս գրամ կրեատին՝ ի հավելումն շնչառական վարժությունների, իսկ վերահսկիչ խումբը զբաղվել է միայն շնչառական մարմնամարզությամբ։ Մարզումները շարունակվել են երեք ամիս։
Կրեատինային հավելում ստացած մասնակիցները, որոնք նաեւ շնչառական վարժություններ են կատարել, կրեատինի մակարդակի զգալի ավելացում են ունեցել հյուսվածքներում, ներառյալ մկաններում եւ ուղեղի հատվածներում։ Ավելին, այս խմբում նկատվել է տկարության նվազում բեռնվածություններից հետո։
Վերահսկիչ խումբը, որը զբաղվել էր միայն շնչառական վարժություններով, ավելի տոկուն չի դարձել, թեեւ փորձի բոլոր մասնակիցները տեղեկացրել են շնչառության դժվարությունների եւ անհարմարության նվազման մասին հետազոտության վերջում։
Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ կրեատինային հավելումները կարող են արդյունավետ եւ անվտանգ նշանակվել մարդկանց հետքովիդային համախտանիշից բուժվելու ընթացքում։






