Թեհրանի բժշկական ինստիտուտի (Իրան) գիտնականները հայտնաբերել են, որ ճիշտ սնվելն իջեցնում է թոքերի վտանգավոր հիվանդությունների, ինչպիսին են թոքաբորբը եւ քաղցկեղը, առաջացման հավանականությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMC Public Health գիտական ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է 84 մարդ, որոնք ունեցել են թոքերի հիվանդություններ, ինչպես նաեւ 252 առողջ կամավորներ։ Գիտնականների նպատակը սննդակարգի առանձնահատկությունների եւ թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության (ԹՔՕՀ, կյանքի համար վտանգավոր հիվանդություն, որը բնորոշվում է շնչուղիների բորբոքմամբ եւ բրոնխների այտուցմամբ) առաջացման հավանականության միջեւ կապի որոնումն էր։ ԹՔՕՀ-ը հաճախ բարդանում է թոքաբորբով, թոքերի քաղցկեղով եւ սիրտ-անոթային հիվանդություններով։

Սննդային սովորությունների մասին տեղեկությունների հավաքման փուլում փորձարկվողներին առաջարկել են հիշել, թե ինչ մթերքներ են ավելի հաճախ օգտագործել հետազոտությունն սկսվելուց առաջ մեկ տարվա ընթացքում։

Արդյունքների համեմատական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ԹՔՕՀ ծանր ձեւ ունեցող պացիենտներն ավելի շատ են օգտագործել մթերքներ, որոնք պարունակել են ամբողջահատիկներ այն մասնակիցների համեմատ, որոնք տառապել են հիվանդության թեթեւ ձեւով։ Առողջ մասնակիցների սննդաբաժնում ավելի հաճախ հանդիպել են մրգերը, ամբողջահատիկները, բանջարեղենները, ընկույզները, ընդեղենը եւ օմեգա-3 ճարպերը (ձկան յուղ)։ Ավելի հավասարակշռված սնունդը կապված է եղել նաեւ ԹՔՕՀ բարդությունների՝ թոքերի քաղցկեղի եւ թոքաբորբի հավանականության նվազման հետ։