Իսպանիայի Գրանադայի համալսարանի գիտնականները պարզել են, որ բիսֆենոլ А (BPA) անունով քիմիական նյութը, որը լայնորեն օգտագործվում է պլաստիկե իրեր պատրաստելիս, կարող է երեխաների ճարպակալման անուղղակի պատճառ հանդիսանալ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են ASM-ում (American Society for Microbiology)։
Հետազոտության ընթացքում գիտնականները տեղեկություն են հավաքել ավելի քան հարյուր առողջ երեխաների մասին (5-10 տարեկան)՝ աղիքային մանրէների հայտնաբերման նպատակով, որոնք կապված են բիսֆենոլ А-ի հետ։ Պարզվել է, որ այդ քիմիական նյութի ազդեցությունը կարող է բացասաբար ազդել աղիների միկրոբիոմի վրա՝ կրճատելով դրա բակտերիալ բազմազանությունը։
Գիտնականները նշել են, որ նորմալ քաշ ունեցող երեխաների աղիների բազմազանությունը շատ ավելի հարուստ ու կառուցակցված է եղել, քան ավելորդ քաշ եւ ճարպակալում ունեցողների մոտ։ Գիտնականները ենթադրել են, որ բիսֆենոլ А-ի ազդեցությունն առաջ է բերում միկրոբիոմի տաքսոնոմիական կազմի փոփոխություններ։ Մասնավորապես, այդ քիմիական նյութը կարող է նպաստել աղիներում միկրոբային հանրույթների առաջացմանը՝ կապված ճարպակալման հետ։ Նշվել է, որ միկրոբիոմի կազմը եւ ֆունկցիաները որոշակի դեր են խաղում ճարպակալման եւ մետաբոլիկ մի շարք խանգարումների պաթոգենեզում։
Գիտնականների կարծիքով՝ իրենց հետազոտությունը կարող է նպաստել տարբեր երկրների պետական քաղաքականության փոփոխությանը պլաստիկի արտադրության եւ օգտագործման հարցում։ Նման պոտենցիալ միջամտությունները կարող են նվազեցնել մանկական ճարպակալման առաջացման տեմպերն ամբողջ աշխարհում։






