Հյուսվածքների ինժեներիայի ժամանակակից տեխնիկայով Նյու Յորքի Վեյլ Կոռնելի բժշկական և ինժեներական ինստիտուտի հետազոտողները 3D տպիչով մշակել են չափահաս մարդու ականջի բնական տեսք ունեցող կրկնօրինակը, որը նաև շոշափվում է բնական ականջի պես:
Acta Biomaterialia գիտական հանդեսում հրապարակված հետազոտությունը հույս է ներշնչում, որ հստակ սահմանված անատոմիայով և ճիշտ բիոմեխանիկական հատկություններով օժտված ականջը հնարավոր կլինի պատվաստել բնածին արատներով ծնված կամ ինչ-ինչ հանգամանքներում ականջը կորցրած մարդկանց:
Շատ վիրաբույժներ ստեղծում են ականջի փոխարինող՝ օգտագործելով երեխայի կողերից հանված աճառը, վիրահատություն, որը կարող է ցավոտ լինել և խոր սպիներ թողնել: Թեև հաջողված փոխպատվաստումը կարող է նման լինել պատվաստվողի մյուս ականջին, այն, որպես կանոն չունի նույն ճկունությունը:
Նյու Յորքի Պրեսբիթերյան/Վեյլ Կոռնել բժշկական կենտրոնի պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության ղեկավար և Վեյլ Կոռնելի բժշկական ինստիտուտի պրոֆեսոր Ջեյսոն Սպեկտորն ասում է, որ ականջի վերականգնումը բազմաթիվ վիրահատություններ և անհավանական քանակությամբ հմտություններ ու բացառիկ նրբություն է պահանջում:
«Այս նոր տեխնոլոգիան վերջնարդյունքում թերևս ի վիճակի լինի իրական տարբերակ ապահովելու հազարավոր մարդկանց համար, որոնք արտաքին ականջի ձևախախտումը շտկելու համար վիրահատության կարիք ունեն»,- նշել է պրոֆեսորը:






