375 մլն տարեկան պեղածո ձկան մասին նոր տեղեկությունները գիտնականներին տվել են կմախքի հատկությունների էվոլյուցիայի բացահայտման բանալին, այն օգնել է ժամանակակից կենդանի էակների նախնիներին դուրս գալ ջրից։ Այս մասին հայտնել են Փենսիլվանիայի նահանգի համալսարանի (ԱՄՆ) մասնագետները։
Հետազոտողները նշել են, որ ոտքերի էվոլյուցիայից առաջ, երբ կմախքի լողաթեւերը վերածվել են ոտքերի, այդ կմախքը (ներառյալ գլխի, պարանոցի, մեջքի եւ կողերի ոսկորները) փոփոխությունների է ենթարկվել։ Դրանք էլ ի վերջո օգնել են առաջին քայլող էակներին իրենց մարմինը պահել ցամաքով շարժվելիս։
Հետազոտական խումբն ավարտել է պեղածո ձկան՝ տիկտաալիկի (Tiktaalik roseae) կմախքի նոր վերստեղծումը եւ պարզել, որ ձուկը չորքոտանի ողնաշարավորների մերձավոր ազգականներից մեկն է։ Վերակառուցումը ցույց է տալիս, որ ձկան կողերը, հավանաբար, ամրացված են եղել նրա կոնքին։ Այս նյուանսը վճռական է եղել մարմինը պահելու եւ քայլելու հնարավոր էվոլյուցիայի համար։
Օրգանիզմի վիզուալացման համար հետազոտողները օգտագործել են միկրոհամակարգչային տոմոգրաֆիա, նրանք սքանավորել են քարացած ձկները եւ պարզել ձկան պակասող ողերը եւ կողերը։ Արդյունքները եւ տեսանյութը գիտնականները հրապարակել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում։
Սքանավորումը պատկերացում է տվել այն մասին, թե ինչպես է տեղաշարժվել էակը։ Ի տարբերություն ձկների մեծ մասի, որոնց ողերը եւ կողերը միանման շարված են մարմնի երկայնքով, ողնաշարավորների վերջույթների առանցքային կմախքներն ունեն ողերի եւ կողերի խիստ տարբերություններ գլխից մինչեւ պոչ։ Նրանց կողերն ամրացված են կոնքին, ինչն ապահովել է մարմնի կայունությունը ստորին վերջույթների հաշվին։






