Բազմաթիվ մասնագետներ պնդում են, որ ազգի հոգեկան առողջության մասին կարելի է երկրում գրանցվող սպանությունների եւ ինքնասպանությունների թվով դատել: Փորձենք պարզել, թե արդյոք երկու երեւույթների միջեւ որեւէ կապ է գործում:
Հոգեբան Մարուքե Եղիյանի խոսքով, փոխկապակցվածության առկայության մասին վկայող որեւէ ապացույց մինչ այժմ չի գտնվել, ուստի չի կարելի պնդել, թե ինքնասպանություն գործած բոլոր մարդիկ անհրաժեշտաբար հոգեկան խանգարում են ունեցել: Սակայն, մասնագետի համոզմամբ, ինքնասպանություն գործելու պահին մարդկանց մեծ մասը ոչ այնքան նորմալ հոգեկան վիճակում են գտնվում:
Քիչ չեն նաեւ այն մասնագետները, որոնք թեեւ համաձայն են, որ կյանքի հետ հաշիվները մաքրելու փորձ կատարող ոչ բոլոր մարդկանց մոտ կարելի է հոգեկան խանգարման վկայություն գտնել, բայց եւ պնդում են, որ ինքնասպանների նշանակալի մասը այդպիսի խանգարումներ է դրսեւորում: Այդ մասին մի շարք, մասնավորապես՝ Հարիսի եւ Բարակլոուի (Harris & Barraclough, 1997;) նախաձեռնությամբ իրականացված հետազոտությունների արդյունքներն են վկայում: Ինքնասպանության հակված մարդկանց մոտ առավել հաճախ տրամադրության խանգարում (միաբեւեռ եւ երկբեւեռ դեպրեսիա), ալկոհոլի սպառման հետ կապված խնդիրներ կամ շիզոֆրենիա կարելի է գտնել: Կարծիք կա, որ դեպրեսիայի եւ ալկոհոլային կախվածության նկատմամբ հակում ունեցող մարդիկ առավել հաճախ են ինքնասպանության իմպուլս դրսեւորում:
Պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանում երեքը օրը մեկ ինքնասպանության 2 դեպք է գրանցվում, իսկ ամեն օր՝ ինքնասպանության փորձի 2 դեպք: 2013թ.-ին գրանցված ինքնասպանության դեպքերի թիվը 214 է կազմել, ընդ որում, բերված ցուցանիշը շարունակաբար՝ տարեց տարի աճում է. 2009թ.-ին այն 197 է կազմել:
ԱՀԿ-ի տվյալներով, ամեն տարի աշխարհում ավելի քան 800 հազար ինքնասպանություն է իրականացվում. ընդ որում, դեպքերի թիվը շուտով 1 միլիոնի կարող է հասնել:
Հիշեցնենք, որ բժշկապատմաբան Հարություն Մինասյանի համոզմամբ, ինքնասպանությունը միանշանակ հոգեկան բնույթի խնդիր է, եւ երկրում գրանցվող ինքնասպանությունների թիվը հակադարձ համեմատական է հոգեբուժության զարգացվածության մակարդակին:






