Մի շարք նախընթաց հետազոտությունների արդյունքում ապացուցվել է, որ սմարթֆոններից արձակվող կապույտ լույսը կարող է քնի հորմոնի՝ մելատոնինի արտազատման գործընթացի խանգարման հանգեցնել: Քանի որ միաժամանակ նաեւ քնի խանգարման եւ հավելյալ քաշի ձեռքբերման միջեւ կապի առկայության բացահայտմանը միտված բազմաթիվ հետազոտություններ են ընթանում, կարճ ժամանակ էր հարկավոր՝ այն եզրակացությանը հանգելու համար, որ սմարթֆոնի լույսն ի վերջո կարող է գիրացման պատճառ դառնալ, հաղորդում է Medical Daily-ն:

Իսպանիայում գործող Գրանադայի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները մելատոնին են ներարկել լաբորատոր առնետներին՝ պարզելու համար, որ այն կարող է ճարպակալման եւ շաքարախտի դեմ պայքարի միջոց ծառայել: Միեւնույն ժամանակ Մանչեսթերի համալսարանականնեը սկսել են շաքարախտով հիվանդ մարդկանց քնի ռեժիմն ուսումնասիրել: Կրթօջախին կից գործող հոգեբանական գիտությունների դպրոցի պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամ դոկտոր Սիմոն Քայլի մեկնաբանմամբ, ներկայումս աշխատանքներ են տարվում՝ ցիրկադային փուլերի (մարդու ներքին ժամացույցի) եւ շաքարախտի միջեւ կապի մեխանիզմների բացահայտման ուղղությամբ:

«Մեզ հատկապես այն հարցն է հետաքրքրում, թե արդյոք հնարավոր է, քնի որակի բարելավման արդյունքում, հիվանդության հետընթաց արձանագրել», - ընդգծել է դոկտոր Քայլը:

Պարզվում է՝ քնի նորմալ տեւողությունը միայն մելատոնինի կանոնավոր եւ առողջարար չափաքանակի հետ չի ասոցացվում: Այն կարող է նաեւ մի շարք այլ, մասնավորապես՝ քաղցի հորմոնների՝ գրելինի եւ լեպտինի վրա անդրադառնալ: Քնի խանգարման պարագայում վերջիններս հավելյալ ախորժակ եւ բարձր կալորիականություն ունեցող սննդամթերքի սպառում հրահրելու հատկություն ունեն, ինչն էլ, իր հերթին, հավելյալ քաշի ձեռքբերման եւ շաքարախտի առաջացման ռիսկի գործոն է հանդիսանում:

Բացի այդ, ցիրկադային ռիթմերի խախտումը կարող է նաեւ մետաբոլիկ համախտանիշի եւ լյարդի ճարպակալման հանգեցնել:

Իսկ մինչ այդ շատերը շարունակում են իրենց բջջային հեռախոսները, պլանշետներն ու նմանատիպ այլ սարքավորումները ոչ միայն ննջարանում, այլ՝ հենց անկողնու մեջ լիցքավորել՝ մոռանալով, որ նույնիսկ երբ որեւէ կերպ չեն օգտվում դրանցից, էկրանի ցանկացած լուսավորում՝ ի հետեւանք հաղորդագրությունների կամ ծանուցումների ստացման, մելատոնինի արտազատման գործընթացի խանգարում հրահրելու հատկություն ունեցող կապույտ լույսի արձակման է հանգեցնում:

Այնպես որ, հարկավոր է սարքավորումների լիցքավորումը ննջարանից հեռու կազմակերպել: Եվ որքան հնարավոր է՝ թույլ լույսի տակ քնել: