Տզերը նախընտրում են արյան երկրորդ խումբ ունեցողներին, իսկ ամենատհաճը նրանց համար երրորդ խումբ ունեցող մարդիկ են։ Այսպիսի եզրահանգման են եկել Մասարիկի համալսարանի գիտնականները in vitro հետազոտության արդյունքում, տեղեկացրել է RuNews24 լրատվական պորտալը։

Հետազոտության անցկացման համար գիտնականները փորձի մասնակիցների արյունը քսել են զտող թղթի վրա Պետրիի բաժակում, իսկ հետո այնտեղ են գցել միջատներին։ Փորձը կրկնել են ավելի քան հարյուր անգամ՝ ավելի հավաստի արդյունքներ ստանալու համար։

Գիտնականները նշել են, որ ավելի ստույգ լինելու համար անհրաժեշտ է փորձն իրականացնել կենդանի մարդկանց վրա, բայց կա վտանգավոր վարակիչ հիվանդություններով վարակվելու վտանգ։ Դա բացառելու եւ կամավորների անվտանգությունն ապահովելու համար գիտնականները դիտարկում են մաքուր պայմաններում աճեցված տզերի օգտագործման կամ դրանց կնճիթիկը կտրելու հնարավորությունը։

Հետազոտողները հիշեցնում են, որ անկախ արյան խմբից, կարեւոր է միջոցներ ձեռնարկել տզերից պաշտպանվելու համար, ներառյալ պատվաստումը։