Սթրեսի կորտիզոլ հորմոնի բարձր մակարդակը հղիության երրորդ եռամսյակում կարող է խանգարել տղաների մտավոր ունակության զարգացմանը 7 տարեկանում, նշվել է էնդոկրինոլոգների 26-րդ Եվրոպական կոնգրեսում ներկայացվելիք հետազոտությունում, որը տեղի է ունենալու մայիսի 11-14-ին Ստոկհոլմում, գրել է Medical Xpress-ը։

Կորտիզոլի մակարդակն արյան մեջ կապված չէ աղջիկների IQ ցուցանիշների հետ, բայց կորտիզոնի մակարդակի բարձրացումը մեզի մեջ բարելավում է նրանց ցուցանիշները։

Կորտիզոլի (ստերոիդային հորմոն, որն օգնում է օրգանիզմին արձագանքել սթրեսին) նախածննդյան ազդեցությունը անհրաժեշտ է պտղի զարգացման համար, եւ, ինչպես կարծում են, ազդում է երեխաների կոգնիտիվ գործառույթների վրա հետագա կյանքի ընթացքում։ Հղիության ժամանակ կորտիզոլի մակարդակը բարձրանում է, եւ հղի կանայք, որոնք աղջիկ են ունենալու, սովորաբար ավելի շատ կորտիզոլ են արտադրում, քան տղայի սպասող կանայք։ Սակայն ընկերքում 2-րդ տեսակի 11β-հիդրօքսիստերոիդդեհիդրոգենեզ ֆերմենտը (11β-HSD2) կարգավորում է պտղի ստացած կորտիզոլի քանակը՝ այն ոչ ակտիվ ձեւի վերածելու միջոցով, որը հայտնի է որպես կորտիզոն։

Այս հետազոտությունում գիտնականներն ուսումնասիրել են 943 հղի կանանց կորտիզոլի եւ կորտիզոնաթթվի մակարդակների մասին տվյալները հղիության երրորդ եռամսյակում, ինչպես նաեւ նրանց 7 տարեկան տղաների IQ թեստերը։ Նրանք հայտնաբերել են, որ տղայի սպասող հղի կանանց մոտ կորտիզոլի մակարդակն արյան մեջ ավելի ցածր է, քան այն կանանց մոտ, որոնք աղջկա են սպասում։ Բացի այդ, մոր արգանդում կորտիզոլի ավելի բարձր մակարդակի ազդեցությանը ենթարկված տղաները 7 տարեկանում ավելի ցածր IQ են ունեցել։ Նույն տարիքի աղջիկներն ավելի լավ են լուծել IQ թեստերը, երբ նրանց մայրիկների մոտ ավելի բարձր է եղել մեզի մեջ կորտիզոնի մակարդակը։

Ստացված տվյալներն ընդգծում են այն կարեւոր դերը, որը կորտիզոլը խաղում է տղա եւ աղջիկ պտուղների զարգացման գործում՝ ակախ մեկը մյուսից։