Հետազոտության համաձայն, որը ներկայացվելու է էնդոկրինոլոգների 26-րդ Եվրոպական կոնգրեսում (տեղի է ունենալու մայիսի 11-14-ին Ստոկհոլմում), չափավոր եւ կրկնվող սթրեսի ենթարկվող երիտասարդ որձ առնետների մոտ, հավանաբար, նվազում է պտղաբերությունը, տեղեկացրել է Էնդոկրինոլոգիայի եվրոպական ընկերությունը։
Մինչ հորմոնների մակարդակը ախտաբանորեն տատանվում է, հատկապես կյանքի այն փուլերում, երբ տեղի է ունենում սեռահասունացումը, սթրեսը կարող է հանգեցնել արյան մեջ հորմոնների ավելցուկի կամ անբավարարության։ Այդ հորմոնալ անհավասարակշռությունը բացասաբար է ազդում սեռահասունացման եւ վերարտադրողական համակարգի, լիբիդոյի, ձվազատման եւ սերմնահեղուկի առաջացման վրա։
Այս հետազոտությունում Ուկրաինայի Բժշկական գիտությունների ազգային ակադեմիայի Վ.Պ. Կոմիսարենկոյի անվան էնդոկրինոլոգիայի եւ նյութափոխանակության ինստիտուտի գիտնականները զննել են 6 ամսական արու եւ էգ առնետներին այն բանից հետո, երբ դեռահասության ժամանակ (30-45 օրական) դրանց մոտ կեսին առանձին-առանձին տեղավորել են փակ տարածքում ամեն առավոտ մեկ ժամ երկու շաբաթվա ընթացքում։
Նրանք համեմատել են սթրեսային պայմաններին ենթարկված առնետներին վերահսկիչ խմբի առնետների հետ եւ հայտնաբերել, որ քրոնիկական սթրեսը սեռահասունացման շրջանում դանդաղեցնում է էգերի սեռահասունությունը, իսկ արուներն ավելի դանդաղ են քաշ հավաքում։
Հասուն արուների մոտ սերմնահեղուկի քանակությունը նվազել էր 25,9 տոկոսով, որոշ սերմնաբջիջներ սխալ ձեւ ունեին եւ թույլ էին կամ անշարժ, իսկ շնչառական պրոցեսը, որի օգնությամբ սերմնաբջիջները էներգիա են ստանում, դանդաղել էր։ Բացի այդ, արուների մոտ գրեթե երկու անգամ ավելի ցածր էր կորտիկոստերոնի՝ առնետների սթրեսի հիմնական հորմոնի մակարդակը, որը համարժեք է մարդու մոտ կորտիզոլի մակարդակին։






