Հետազոտությունները ցույց են տվել, որ փոքր չափաբաժնով կետամինի մեկանգամյա ներարկումը կօգնի խուսափել հետծննդաբերական դեպրեսիայից, տեղեկացրել է Euronews-ը։

Կանանց դեպրեսիան հղիության ժամանակ եւ ծննդաբերությունից անմիջապես հետո առողջապահության գլոբալ խնդիր է։ Բժիշկներն ակտիվորեն ուսումնասիրում են ծննդկանների բուժման նոր մոտեցումները։ ԱՄՆ եւ Չինաստանի հետազոտողների թիմի հետազոտությունները ցույց են տվել կետամինի արդյունավետությունը երիտասարդ մայրերի համար։ Նրանց տվյալներով՝ S-կետամինի փոքր ճափաբաժնով մեկանգամյա ներարկումը կօգնի խուսափել հետծննդաբերական դեպրեսիայից։

Երկակի կույր հետազոտության շրջանակում, որը շարունակվել է 2 տարի չինական ծննդատներում, բժիշկները հետազոտել են մոտ 32 տարեկան 360 մայրերի, որոնք հոգեբուժական խնդիրներ չեն ունեցել։ Կանանց բաժանել են երկու խմբի. մեկը ստացել է S-կետամին, մյուսը՝ պլացեբոյի ներարկում ծննդաբերությունից 40 րոպե հետո։

Հետո փորձի մասնակիցներին հարցրել են իրենց վիճակի մասին, սկզբում ծննդաբերությունից 18-30 ժամ, իսկ այնուհետեւ՝ մեկ շաբաթ եւ, ի վերջո, 42 օր հետո։ Արդյունքնում՝ S-կետամին ընդունած մայրերի միայն 6,7 տոկոսն է լուրջ դեպրեսիա ունեցել 25,4 տոկոս կանանց համեմատ, որոնք պլացեբո էին ստացել։ Իհարկե, որոշ մայրերի մոտ կետամինի ներարկումից հետո նկատվել էին կողմնակի ազդեցություններ՝ գլխապտույտ, նրանց աչքին ամեն բան երկու հատ էր երեւացել։ Բայց բոլորի մոտ այս ամենն անհետացել էր մեկ օր հետո։

«S-կետամինի ներերակային մեկանգամյա ներարկումը լիովին անվտանգ է, արդյունավետ եւ խնայողական այն կանանց համար, ովքեր ենթարկված են հետծննդաբերական դեպրեսիայի ռիսկին»,- Euronews-ի հարցազրույցում ասել է դոկտոր Ռուպերտ Մակշեյնը Օքսֆորդի համալսարանից։- Մեր առջեւ դրված խնդիրը Մեծ Բրիտանիայում դեպրեսիայի կառավարման միջոցներ գտնելն է, այնպես, որպեսզի մեծ լինի օգուտը եւ նվազեցվեն ռիսկերը»։

Կետամինը եւ նրա ածանցյալները հոգեբույժների ուշադրության կենտրոնում են։ Ինչ վերաբերում է  հետծննդաբերական դեպրեսիային, ապա որոշ բժիշկներ այն անվանում են «կանխատեսելի»։

Ըստ վիճակագրության՝ յուրաքանչյուր տասներորդ երիտասարդ մայր թախծի, տագնապի եւ հոգնածության ուժեղ զգացողություն է ունենում։ Այս վիճակը սովորաբար սկսվում է ծննդաբերությունից երկու-երեք օր հետո եւ կարող է տեւել ամիսներ։ Այլ ախտանշաններից են անքնությունը, ախորժակի կորուստը, ուժեղ գրգռվողականությունը եւ երեխայի հետ շփման դժվարություննեը։ Հազվադեպ կարող է լինել ծանր խանգարում, որը հայտնի է որպես հետծննդաբերական փսիխոզ։ Բուժման առկա միջոցները ներառում են հոգեթերապիան եւ/կամ հակադեպրեսանտները, բայց որպեսզի դրանք ազդեն, անհրաժեշտ է մի քանի շաբաթ։