Քունը պահում է հիշողություններ առավել կարեւոր իրադարձությունների մասին, վերակառուցում հիշողությունները եւ նպաստում դրանց կապակցվածությանը։ Այս մասին The Conversation պարբերականին պատմել է հոգեբան եւ Յորքի համալսարանի քնի բնույթի հետազոտող Դեն Դենիսը։

Մասնագետը բացատրել է, որ հիշողության համար քնի օգուտի մասին հավաստիացումը հաստատվել է բազմաթիվ հետազոտություններով։ Գոյություն ունեն մի քանի մեխանիզմներ, որոնց շնորհիվ իրականացվում է այդ օգտակար էֆեկտը։ Առաջինը կապված է  ուղեղի այն հատվածների ակտիվության ուժեղացման հետ, որոնք պատասխանատու են կոգնիտիվ վերահսկման համար։

Առողջ քունը օգնում է մարդուն մնալ ավելի կազմակերպված եւ ավելի արդյունավետորեն խորանալ մեկ ֆիքսված խնդրի կատարման մեջ։ Կենտրոնանալն, իր հերթին, նպաստում է  ավելի հստակ հիշողությունների ձեւավորմանը, որոնք անհրաժեշտ են աշխատանքի ու ուսման համար։ Բացի այդ, որակյալ քունը կանխում է նեյրոդեգեներատիվ հիվանդությունների առաջացման հավանականությունը, ինչպիսին է, օրինակ, Ալցհեյմերի հիվանդությունը։

Հոգեբանն ավելացրել է, որ քնի ժամանակ տեղի են ունենում հիշողությունների լրացուցիչ «պտտում» եւ ֆիքսում ուղեղում։ Մասնավորապես, քունը ամրացնում է հիշողությունն ապրածի առավել կարեւոր ասպեկտների մասին, կառուցում եւ «կապակցում» դրանք իրար հետ։ Մասնագետի խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ ինչպես բնական կերպով, այնպես էլ տարբեր զգացողությունների օգնությամբ, օրինակ՝ քնի մեջ հիշողությունների հետ կապված հնչյուններ որսալով։