Գերմանացի գիտնականները հայտնաբերել են, որ ալկոհոլի օգտագործումը եւ ինքնաթիռում ճնշման համադրությունը կարող են բեռնվածություն առաջացնել քնած ուղեւորների սրտի վրա։
Նրանք հայտնաբերել են, որ երբ մարդիկ քնում են ալկոհոլ օգտագործելուց հետո օդի ցածր ճնշման պարագայում, որը սովորաբար նկատվում է թռիչքների ժամանակ, թթվածնի մակարդակն արյան մեջ իջնում է, իսկ սրտի զարկերն արագանում են, անգամ նրանց մոտ, ովքեր առողջ են եւ երիտասարդ։
Thorax ամսագրում հրապարակված հոդվածում հետազոտողները հայտարարել են, որ սրտի խնդիրներ ունեցող ուղեւորների համար ավելի բարձր է ախտանշանների սրացման վտանգը սրահում կրեյսերական բարձրությունում ճնշման իջնելու պատճառով, որն ուժեղանում է քնած ժամանակ։ Ալկոհոլը, որը հաճախ օգտագործում են ինքնաթիռում, նման ազդեցություն է գործում, հավաստիացնում են նրանք։ «Ալկոհոլի օգտագործումը ինքնաթիռում թերագնահատված վտանգ է առողջության համար, որից կարելի էր խուսափել,- ասել են Գերմանիայի Աերոտիեզերական բժշկության ինստիտուտի գիտնականները։- Գուցե օգտակար կլիներ դիտարկել կանոնները փոխելու հնարավորությունը, որոնք կսահմանափակեին ինքնաթիռում ալկոհոլային ըմպելիքների հասանելիությունը։
Հետազոտության ընթացքում գիտնականները ստուգել են ալկոհոլի օգտագործման ազդեցությունը քնի վրա հիպոբարիկ միջավայրում՝ ցածր մթնոլորտային ճնշման միջավայրում։
Նրանք հետազոտել են 18-40 տարեկան 48 մարդու երկու գիշերվա ընթացքում, երկու տարբեր պայմաններում՝ քնի լաբորատորիայում եւ բարոխցում։ Մասնակիցներն օգտագործել են ալկոհոլ գիշերներից մեկից առաջ։
Հետազոտողները հայտնաբերել են, որ ալկոհոլի եւ թթվածնի ցածր խտության համադրումը մեծ բարձրություններում իջեցնում է քնի որակը, «մարտահրավեր նետում սիրտ-անոթային համակարգին» եւ հանգեցնում արյան մեջ թթվածնի մակարդակի երկարատեւ իջեցման։
«Այս արդյունքները միասին մատնանշում են այն մասին, որ անգամ երիտասարդ եւ առողջ մարդկանց մոտ ալկոհոլի օգտագործումը հիպոբարիկ պայմաններում քնի համադրմամբ զգալի բեռնվածություն է ստեղծում սրտային համակարգի վրա եւ կարող է հանգեցնել սրտային կամ թոքային հիվանդություններ ունեցող պացիենտների ախտանշանների սրացման»,- նշել են գիտնականները։






