Նոր կլինիկական հետազոտությունը ցույց է տվել, որ շաբաթական մեկ անգամից ավելի եռանդուն ֆիզիկական վարժությունները արյան բարձր ճնշում ունեցող մարդկանց  շրջանում  կարող են նվազեցնել դեմենցիայի զարգացման վտանգը:

Alzheimer's & Dementia: The Journal of The Alzheimer's Association ամսագրում հրապարակված արդյունքների համաձայն, մարդիկ, որոնք ամեն շաբաթ եռանդուն ֆիզիկական վարժություններ են արել, թույլ կոգնիտիվ խանգարումների և դեմենցիայի ավելի ցածր ցուցանիշներ են ունեցել,  չնայած արյան բարձր ճնշմանը:

Կլինիկական հետազոտությանը մասնակցել է 50 տարեկան և ավելի բարձր տարիքի, արյան բարձր ճնշում ունեցող ավելի քան 9300 մարդ, որոնք հավաքագրվել են Միացյալ Նահանգների շուրջ 100 հիվանդանոցներից և կլինիկաներից: 2019-ին հրապարակված վաղ արդյունքները ցույց են տվել, որ արյան ճնշման խիստ հսկողությունը զգալիորեն նվազեցրել է թույլ ճանաչողական խանգարումների զարգացման ռիսկը, ինչը վաղ դեմենցիայի նախանշան է:

Նոր հետազոտության համար գիտնականները վերլուծել են ֆիզիկական վարժությունների ազդեցությունն այս մարդկանց ուղեղի առողջության վրա:

Հետազոտության մասնակիցների գրեթե 60%-ը հայտնել է եռանդուն ֆիզիկական ակտիվության մասին առնվազն շաբաթը մեկ անգամ, նույնիսկ 75 և ավելի բարձր տարիքի մարդկանց շրջանում, նշում են հետազոտողները:

Ընդ որում, հետազոտությունը ցույց է տվել, որ եռանդուն ֆիզիկական վարժությունների պաշտպանիչ ազդեցությունը ուղեղի առողջության վրա ավելի ցայտուն է եղել 75 տարեկանից ցածր մարդկանց մոտ: