Նեյրոֆիզիոլոգները նոր վկայություններ են հայտնաբերել այն մասին, որ Հանթինգտոնի հիվանդությունը ոչ միայն ուղեկցվում է նեյրոնների զանգվածային ոչնչացմամբ, այլեւ ուղեղի մանր անոթների աշխատանքի խափանումներով, ինչը զգալիորեն վատացնում է թթվածնի մատակարարումն ուղեղին։ Այս մասին տեղեկացրել է Լանքաստերի համալսարանի (Բրիտանիա) մամուլի ծառայությունը։
«Գիտնականները հայտնաբերել են, որ Հանթինգտոնի հիվանդությունը ախտահարում է ոչ միայն նյարդային բջիջները, այլեւ ուղեղի մանր անոթները։ Դիտարկումները ցույց են տվել, որ ուղեղի անոթների աշխատանքի փոփոխությունները առաջ են գալիս դեռ մինչեւ Հանթինգտոնի հիվանդության առաջին տեսանելի ախտանշանների ի հայտ գալը, ինչից կարելի է օգտվել հիվանդության վաղ հայտնաբերման թերապիաների արդյունավետության եւ կենսակերպի փոփոխությունների գնահատման համար»,- նշվել է հաղորդագրությունում։
Հայտնագործությունը կատարել է նեյրոֆիզիոլոգների խումբը՝ Լանքաստերի համալսարանի պրոֆեսոր Անետա Ստեֆանովսկայայի գլխավորությամբ, դիտարկվել է հիվանդության 30 կրողների եւ նույնքան էլ առողջ կամավորների ուղեղի աշխատանքը։ Գիտնականները հետեւել են պացիենտների ուղեղի ակտիվությանը ինֆրակարմիր սպեկտրոսկոպի եւ էլեկտրաէնցեֆալոգրաֆի օգնությամբ, ինչպես նաեւ ուսումնասիրել են նրանց սրտի եւ թոքերի աշխատանքը։
Հետազոտողները բացատրել են, որ ուղեղի եւ արյան շրջանառության համակարգի փոխգործակցությունն իրենց հետաքրքրել է կենսաբանների վերջերս կատարած հայտնագործության իմաստով։ Պարզվել է, որ ուղեղի նեյրոնները պարունակում են մեծ քանակությամբ HTT սպիտակուց, որի սինթեզը խախտվում է Հանթինգտոնի հիվանդությունը կրողների մոտ։ Սա գիտնականներին մղել է այն մտքին, որ հիվանդության առաջացումը կարող է խափանումներ ստեղծել բջիջների աշխատանքում եւ թթվածնով ուղեղի մատակարարման հարցում։
Հանթինգտոնի հիվանդություն ունեցողների մոտ նյարդային բջիջների ակտիվության ռիթմերը, անոթների զարկերակները եւ շնչառական օրգանների աշխատանքը սինքրոնացված չեն եղել մեկը մյուսի հետ, ինչը հանգեցնում է խնդիրների առաջացման թթվածնով ուղեղի ապահովման հարցում։ Սա բնորոշ չի եղել առողջ կամավորների համար, որոնց մոտ այդ բոլոր ռիթմերը սինքրոնացված են եղել։
Հետազոտողների կարծիքով՝ Հանթինգտոնի հիվանդության այս առանձնահատկությունը կարող է օգտագործվել որպես բիոմարկեր, որը թույլ կտա ոչ ինվազիվ կերպով եւ ժամանակին հայտնաբերել դրա առաջացման առաջին նշանները։ Բացի այդ, հայտնագործությունը մատնանշում է այն, որ թերապիաները պետք է ոչ միայն դանդաղեցնեն նեյրոնների ոչնչացումը, այլեւ վերականգնեն ուղեղի մանր արյունատար անոթների աշխատանքը։
Հանթինգտոնի հիվանդությունը նյարդային համակարգի ծանր հիվանդություն է՝ կապված HTT գենում մուտացիաների ի հայտ գալու հետ։ Գենի ներսում գենետիկ կրկնությունների չափից մեծ քանակությունը հանգեցնում է այն բանին, որ մոտ 30-50 տարեկանում ուղեղի նեյրոնները սկսում են մահանալ, ինչի հետեւանքով հիվանդությունը կրողներն աստիճանաբար կորցնում են վերջույթների շարժումների վերահսկողությունը, իսկ հետագայում նրանց մոտ խախտվում են նաեւ ուղեղի կոգնիտիվ ֆունկցիաները։






