Գաղտնիք չէ, որ բնական տեսարանները՝ այգու ծառերը, գետը, արեւածագը՝ եգիպտացորենի դաշտում, սթրեսիզ ու հոգնածությունից ազատվելու, երբեմն նույնիսկ ֆիզիկական հիվանդությունից եւ վիրահատությունից ապաքինվելու հրաշալի միջոց են հանդիսանում: Ավելին, ինչպես վերջերս իրականացված հետազոտության արդյունքում է պարզվել, բնության ձայները եւս, անկախ այն հանգամանքից՝ բնական են, թե ձայնագրված, կարող են օգտակար լինել՝ առողջության համար: Փորձարկման արդյունքները ցույց են տվել, որ դրանք ակնդրող՝ ծանր միջադեպից հետո սթրեսի ազդեցությանը ենթարկված կամավորներն ավելի արագ են բարձր տրամադրությունը վերականգնում՝ ի համեմատություն այն դեպքերի, երբ առաջարկվող ձայնագրությանը մարդկային ձայներ եւ ավտոմեքենաների աղմուկ է ավելացվում: «Բնության ձայները, անկախ տեսողական խթանիչներից, վերականգնողական ազդեցություն են ապահովում», - ամփոփել են գիտահետազոտական խմբի անդամները:

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում գործող Աբինգտոնի պետական համալսարանը ներկայացնող գիտնականների ջանքերով նախաձեռնություն գտած փորձարկումները 133 ուսանողների շրջանում են իրականացվել: Կամավորները նախ չորս խմբի են բաժանվել եւ տրամադրության չափմանը միտված՝ BMIS հետազոտության ենթարկվել: Այնուհետեւ նրանց 3 րոպե տեւողությամբ տեսանյութ է ներկայացվել՝ ձեռքի վիրահատության մասին, որտեղ, բազմակի խոշորացմամբ, մաշկի տակ գտնվող հյուսվածքներն են ցուցադրվել: Դիտումն ավարտելուց հետո մասնակիցները եւս մեկ անգամ BMIS հետազոտության են ենթարկվել: Medical Daily-ի փոխանցմամբ, հավաքագրված արդյունքների վերլուծության արդյունքում պարզվել է, որ բոլոր՝ չորս խմբերում ներառված կամավորների մոտ տրամադրության նշանակալի՝ գրեթե միօրինակ անկում է հրահրվել: 

Հաջորդիվ ուսանողներից յուրաքանչյուրը ԱՄՆ ազգային պարկերի ծառայության կողմից տրամադրված չորս տարբեր ձայնագրություններից մեկը լսելու հնարավորություն է ստացել, որոնցից առաջինում միայն բնական ձայներ են եղել, երկրորդում՝ նույնը՝ մարդկային ձայների հետ համադրությամբ, երրորդում՝ մեխանիկական աղմուկով «համեմված» բնական ձայներ, իսկ չորորդում՝ բացարձակ լռություն: Փորձարկումը կրկին BMIS հետազոտությամբ է ավարտվել:

Գիտնականները պարզել են, որ տրամադրության լիարժեք վերականգնումը միայն զուտ բնական ձայներ ակնդրած կամավորներին է հասու դարձել: Մյուս երեք խմբերում տրամադրության՝ վիրահատության մասին պատմող տեսանյութի հրահրմամբ առաջացած անկման որեւէ հետընթաց չի արձանագրվել:

Այդուհանդերձ, գիտահետազոտական խմբի անդամները վստահ են, որ բոլոր բնական ձայները չէ, որ հավասարապես վերականգնողական ազդեցություն ունեն՝ մարդու համար: Ավելին՝ որոշ մարդկային ձայներ եւս կարող են դրական ազդեցությամբ աչքի ընկնել: Օրինակ՝ որոտի ահարկու ձայնը ոչ մի կերպ չի կարող տրամադրութան աճին նպաստել, մինչդեռ մաքուր ձայնով գեղեցիկ մեղեդու կատարումը փափուկ անձրեւի ձայնին հավասար հանգստացնող ազդեցություն ապահովելու ներուժ ունի: